Հուշագրի ստորագրում՝ ՀՀ Ազգային ժողովում
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանն ընդունել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Կորյուն Աթոյանին, համալսարանին կից գործող «Ամբերդ» հետազոտական կենտրոնի տնօրեն Արմեն Գրիգորյանին, հետազոտողների:
Հանդիպմանը մասնակցել են ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ:
ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչության հաղորդմամբ, հանդիպման ընթացքում մասնակիցները քննարկել են ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի եւ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի համագործակցության հնարավորությունները:
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը բարձր է գնահատել «Ամբերդ»-ի և ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխագործակցությունը՝ նշելով, որ խորհրդարանական կառավարման արդի փուլում ավելի է մեծացել Ազգային ժողովի պատասխանատվությունը մեր երկրի տնտեսական զարգացման հարցում:
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը, կարևորելով կողմերի միջև գործակցությունը, նշել է, որ հետայսու «Ամբերդ» կենտրոնի հետազոտողները կլինեն հանձնաժողովի փորձագետ-խորհրդատուները:
Շնորհակալություն հայտնելով ՀՀ ԱԺ նախագահին ու ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանին՝ ՀՊՏՀ-ի ռեկտոր Կորյուն Աթոյանն արժևորել է փոխադարձ համագործակցությունը՝ ընդգծելով, որ այն իր նպաստը կբերի տնտեսական հարցերով օրենքների մշակման և ընդունման գործընթացում:
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանը, խոսելով իբրևտնտեսագետ և նույն համալսարանի դասախոս, հույս է հայտնել, որ համագործակցությունը լայն հնարավորություն է ընձեռելու առավել ընդգրկուն աշխատանքների իրականացման համար:
Ձեռք է բերվել համաձայնություն այն մասին, որ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը՝ ի դեմս «Ամբերդ» հետազոտական կենտրոնի, դառնում է ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի գիտական խորհրդատու-գործընկեր:
Հանդիպման ավարտին Խոսրով Հարությունյանը եւ Կորյուն Աթոյանը ստորագրել են համագործակցության հուշագիր:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները