«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից Հայաստանն ակնկալում է առավել հասցեական մոտեցումներ»
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին:
ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչության հաղորդմամբ, Արմեն Աշոտյանը, ողջունելով դեսպանին Ազգային ժողովում, բարձր է գնահատել երկկողմ հարաբերությունները, այդ թվում՝ միջխորհրդարանական մակարդակում: Այս համատեքստում Արմեն Աշոտյանը կարևորել է երկու երկրների խորհրդարանների համապատասխան հանձնաժողովների միջև արդյունավետ գործակցությունը և պատգամավորական բարեկամական խմբերի միջև շփումների ակտիվացումը:
Իր հերթին դեսպան Միլսը շնորհավորել է Արմեն Աշոտյանին հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և կարևորել միջխորհրդարանական համագործակցության խորացումը:
«Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը խորհրդարանական դիվանագիտության առանցքային կառույցներից մեկն է: Մենք ակնկալում ենք շարունակել հանձնաժողովի հետ արդեն իսկ ձևավորված գործընկերությունը՝ այժմ արդեն Ձեր հմուտ ղեկավարության ներքո ու համալրված նոր անդամներով, և արձանագրել նորանոր ձեռքբերումներ երկկողմ հարաբերությունների ամրապնդման ճանապարհին», - ասել է Ռիչարդ Միլսը:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ ստեղծված «Վերլուծական խորհուրդ» աշխատանքային խմբի ձևավորմանը և գործունեության նպատակներին: Այս համատեքստում քննարկվել են Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպանության հետ համագործակցության հնարավոր ուղղությունները:
Կողմերն անդրադարձել են տարածաշրջանային հիմնախնդիրներին: Զրուցակիցները կարևորել են տարածաշրջանում կայունության և անվտանգության ապահովումը, առկա հակամարտությունների խաղաղ կարգավորումը:
Այս համատեքստում անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը՝ Արմեն Աշոտյանը կարևորել է հարցի խաղաղ լուծումը, տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովումը և բարձր է գնահատել այս հարցում ԱՄՆ-ի դերը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր: Արմեն Աշոտյանն ընդգծել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից Հայաստանն ակնկալում է առավել հասցեական մոտեցումներ:
Անդրադառնալով երկու երկրների համագործակցության ուղղություններին՝ դեսպանն իր խոսքում ընդգծել է, որ Հայաստան-ԱՄՆ փոխհարաբերություններն ամուր են:
Հանդիպման ավարտին կողմերն անդրադարձել են նաեւ հետագա համագործակցությանն ու անելիքներին:
Հարակից հրապարակումներ`
- Մեր պետությունների բարեկամությունն ու գործընկերությունը տևական է, ամուր ու բազմաշերտ. ՀՀ-ում ԱՄՆ դեսպան
- Ռիչարդ Միլսը բարձր է գնահատել ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի մարդասեր դիրքորոշումը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին