Մեր պետությունների բարեկամությունն ու գործընկերությունը տևական է, ամուր ու բազմաշերտ. ՀՀ-ում ԱՄՆ դեսպան
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի ղեկավար Արփինե Հովհաննիսյանն այսօր հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսի հետ:
ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչության հաղորդմամբ, ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը կարևորել է ԱՄՆ-ի հետ հարաբերությունների զարգացումը, միջխորհրդարանական կապերի խորացումը և տարբեր ոլորտներում համագործակցության ամրապնդումը: Ազգային ժողովի փոխնախագահը խորհրդարանական դիվանագիտության ներուժի լիարժեք իրացման հարցում բարձր է գնահատել բարեկամական խմբերի դերը և ընդգծել երկու երկրների խորհրդարանականների արդյունավետ համագործակցությունը, փոխայցերի ակտիվացումը:
Արփինե Հովհաննիսյանն արժևորել է Միացյալ Նահանգների շարունակական ջանքերը՝ ուղղված Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը, կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետությանը, քաղաքացիական հասարակության զարգացմանը և բարեփոխումների իրականացմանը:
Ռիչարդ Միլսը շնորհավորել է Արփինե Հովհաննիսյանին ՀՀ ԱԺ փոխնախագահի պաշտոնում ընտրվելու և Հայաստան-ԱՄՆ բարեկամական խումբը ղեկավարելու կապակցությամբ: Դեսպանը բարձր է գնահատել Արփինե Հովհաննիսյանի անձնական ներդրումն ու ջանքերը երկկողմ հարաբերությունների առավել խորացման հարցում և համոզմունք է հայտնել, որ համագործակցությունն օրենսդիր մարմնում կլինի նույնքան արդյունավետ, որքան գործադիրում է եղել:
«Մեր պետությունների բարեկամությունն ու գործընկերությունը տևական է, ամուր ու բազմաշերտ: Մենք ակնկալում ենք շարունակել մեր գործակցությունը խորհրդարանական բարեկամության խմբի հետ՝ Ձեր հմուտ ղեկավարությամբ: Միասին մենք կամրապնդենք ԱՄՆ-ի ու Հայաստանի միջև խորհրդարանական կապերը և կձեւավորենք համագործակցության նոր հնարավորություններ»,- նշել է Ռիչարդ Միլսը:
Զրուցակիցները քննարկել են նաև երկու երկրների բարեկամական խմբերի առաջիկա համագործակցությանը եւ համատեղ օրակարգերի ձեւավորմանը վերաբերող հարցեր: