Երկաթուղու, գազատարի ծրագրերը կարող են նպաստել ՀՀ անվտանգության մակարդակի բարձրացմանը. Իրանցի փորձագետ
«Հայ-իրանական հսկայական ներուժ կա, որը չի մտել գործառնական դաշտ և չի իրականացվել»,- Երևանում լրագրողների հետ հանդիպմանն ասաց տարածաշրջանային հարցերի իրանցի հայտնի փորձագետ Էհսան Հուշմանդը:
Նրա խոսքով, եթե Հայաստան- Իրան երկաթուղու, իրանական գազի՝ դեպի Եվրոպա տարանցելու ծրագրերն ավելի իրատեսական դառնան և Հայաստանում քայլեր ձեռնարկվեն այդ ուղղությամբ, երկու երկրների հարաբերությունները ոչ միայն զգալիորեն կընդլայնվեն, այդ հանգամանքը կարող է նպաստել նաև տարածաշրջանային կայունության մակարդակի ու Հայաստանի անվտանգության մակարդակի բարձրացմանը:
Ասուլիսին ներկա իրանագետ Վարդան Ոսկանյանն ասաց, որ չափազանց կարևոր շեշտադրում էր սա:
«Ըստ էության, կարծում եմ, որ այդ երկու ծրագրերի իրականացման պարագայում մեր երկրի անվտանգության մակարդակը զգալիորեն կբարձրանա, ոչ միայն շրջափակումը ճեղքելու առումով, այլ նաև սա պետք է համարել իրանական կողմի ակնարկ առ այն, որ եթե Իրանը Հայաստանում ունենա իր համար տնտեսական կարևորություն ներկայացնող նման խոշոր ծրագրեր, ապա նաև որոշակիորեն իրանական կողմը պատրաստ է ուժեղացնելու մեր անվտանգության համակարգը՝ պաշտպանելու նախ և առաջ սեփական տնտեսական շահերը մեր երկրում»:
Խոսելով Հայաստան-Իրան, Ադրբեջան-Իրան երկաթգծերի ծրագրերի մասին, իրանցի փորձագետն ասաց, որ եթե Իրանը Ադրբեջանի հետ երկաթուղին դիտարկում է Ռուսաստանի հետ կապվելու միջոց, Հայաստանի հետ երկաթուղին՝ Հայաստանի և Վրաստանի միջոցով ելքի ապահովում դեպի Եվրոպա:
Նա նշեց, այսօր քննարկվում է նաև Իրաքի հյուսիսով ելք դեպի Եվրոպա ծրագիրը: Իրանցի փորձագետը հիշեցրեց, որ այսօր Իրանը Եվրոպային կապող միակ ուղղին փաստացիորեն անցնում է Թուրքիայով:
Էհսան Հուշմանդն ասաց, որ Ադրեջանի հետ երկաթուղու կառուցումը Իրանը տեսնում է միայն Ադրբեջանի ֆինանսավորմամբ:
Ինչ վերաբերում է Հայաստանի հետ երկաթուղուն, նա ասաց. «Ցավոք սրտի, այս ընթացքում այս ուղղությամբ քայլերը չեն եղել այդքան արդյունավետ»:
«Ես՝ որպես Հայաստանի բարեկամ և Իրանի հայրենասեր, կուզենայի հորդորել որպեսզի Հայաստանը և Իրանը երկաթուղու ծրագրում ավելի սերտորեն աշխատեն, որովհետև սա չափազանց կարևոր է երկու երկրի համար էլ: Մենք գիտենք, որ տնտեսական զարգացման, երկրի զարգացման համար կարևոր նշանակություն ունի ենթակառուցվածքների զարգացումը: Եթե Իրան-Հայաստան երկաթուղին հաջողվի կառուցել, Իրանից Հայաստան այցելող զբոսաշրջիկների, հատկապես Իրանի ատրպատականցիներով բնակեցված նահանագներից զբոսաշրջիկների քանակը մի քանի անգամ կավելանա, այս նահանգները կկապվեն Հայաստանի հետ: Կարևոր դերակատարություն կունենա առևտրի զարգացման ուղղությամբ, Հայաստանը կկարողանա այս ճանապարհն օգտագործել եվրոպական ապրանքներն Իրան, իրանական ապրանքները՝ Եվրոպա հասցնելու համար, ինչու չէ նաև հայկական ապրանքներ տեղափոխել»,- ասաց Է.Հուշմանդը:
Նրա խոսքով, իրանցի փորձագետները համոզված են, որ այս երկաթուղու ծրագիրը շատ կարևոր դերակատարություն կարող է ունենալ Հայաստան-Իրան հարաբերությունները բոլորովին նոր մակարդակի բարձրացնելու ուղղությամբ, նաև տարածաշրջանային կայնությունն ու անվտանգությունն ապահովելու նկատառումը հաշվի առնելով: Նաև նշեց, որ այս երկաթուղին տնտեսապես շահավետ է, եթե նույնիսկ հաշվի առնվի, որ թանկարժեք ծրագիր է:
«Սկզբնական շրջանում միգուցե չկարողանա կատարել ծախսածածկում, սակայն անգին ծրագիր է, արժի ցանկացած գումար ծախսել այս ծրագրի վրա»,- ասաց իրանցի փորձագետը՝ հավելելով, որ միջնաժամկետ, երկարաժամկետ հեռանկարում նման կապիտալ ներդրումները մի քանի անգամ իրենց արդյունավետությամբ ավելի են և արդարացնում են կատարված գործընթացը:
Է.Հուշմանդն ընդգծեց, որ Իրան-Հայաստան երկաթուղու ծրագիրը ոչ միայն տնտեսական, նաև ստրատեգիական նշանակության ծրագիր է:
Հարակից հրապարակումներ`
- Քննարկվել են Հայաստան-Իրան հնարավոր ներդրումային ծրագրերը
- Իրան-Հայաստան հարաբերությունները շարունակելու են դինամիկ զարգանալ. իրանագետ
- Հայաստան-Իրան երկաթուղու ծրագիրը ՀՀ և Իրանի կառավարությունների համար օրակարգային հարց է. Զախարյան
- Բեգլարյան. Ռուսաստանը չի խոչընդոտում Հայաստան-Իրան երկաթգծի կառուցմանը
- Իրան-Հայաստան երկաթգծի կառուցմանը նպաստող գործոնները՝ ըստ փորձագետի
- Մենք ձեռնամուխ ենք լինելու Հայաստան-Իրան երկաթգծի կառուցման ծրագրի իրագործմանը. Արթուր Առաքելյան
- Երևանի համար մեծանում է Հայաստան-Իրան երկաթգծի կարևորությունը
- ՄՄ-ին միանալու ճանապարհին Հայաստան-Իրան երկաթուղու կառուցումը պահանջված է. Տատյանա Վալովայա