Կապանում բացվել է ՀԱՆ-ի մարզային ակնաբուժական կենտրոն
Այսօր Սյունիքի մարզկենտրոն Կապան քաղաքում տեղի է ունեցել Հայկական ակնաբուժության նախագծի մարզային ակնաբուժական կենտրոնի բացումը։ Բացման արարողությանը ներկա են ՀԱՆ-ի ղեկավարությունը, ՀՀ առողջապահության նախարարության և հանրապետության առողջապահական համակարգի ներկայացուցիչներ, Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը, ԱՄՆ-ից ժամանած անվանի ակնաբույժեր և ՀԱՆ-ի բարերարներ:
Հայկական ակնաբուժության նախագծի մամուլի ծառայության հաղորդմամբ, կենտրոնում գործող վիրահատարանը և ակնային զննումների սենյակները հագեցած են նորագույն սարքավորումներով, ինչը հնարավորություն է տալիս մատուցել ակնային առողջության պահպանման համալիր ծառայություններ։
«Տարիներ շարունակ ՀԱՆ-ի Աչքի շարժական հիվանդանոցը երկու տարին մեկ անգամ ուղևորվում էր Սյունիք՝ կայանելով մարզի խոշոր համայնքներում ակնաբուժական ծառայություններ մատուցելու համար։ Աչքի շարժական հիվանդանոցը կատարել է շատ արժեքավոր աշխատանք՝ լուծելով հրատապ ակնաբուժական խնդիրներ, սակայն առավել հասանելի եւ հետեւողական անկային խնամքը պահանջում էր նոր մոտեցում։ ՀԱՆ-ի արդեն իսկ գործող կենտրոնների փորձը ցույց է տալիս, որ ՀԱՆ-ի մարզային ակնաբուժական կենտրոնները լուծում են այդ խնդիրը։ Կենտրոններն ընդլայնել են ակնաբուժական ծառայությունների ցանկը՝ ապահովելով դրանց շարունակականությունը և հասանելիությունը մարզի սոցիալական բոլոր շերտերի համար», - ասել է ՀԱՆ-ի հիմնադիր նախագահ Ռոջեր Օհանեսյանը:
ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը իր խոսքում նշել է, որ մարզում լայնամասշտաբ աշխատանքներ են տարվում առողջապահական ծառայությունների որակի բարձրացման ուղությամբ և ՀԱՆ մարզային ակնաբուժական կենտրոնի բացումն այդ ընդհանուր գործընթացի հերթական քայլն է:
Հայկական ակնաբուժության նախագիծը ՀՀ մարզերում իրականացվող «Լույս հայի աչքերին» ծրագրի շրջանակներում 2005թ.-ից ակնաբուժական ծառայություններ է մատուցում Սյունիքի մարզի բնակիչներին: Այս ժամանակաշրջանում ՀԱՆ-ի բժշկական խմբերը և Աչքի շարժական հիվանդանոցը յոթ անգամ այցելել է մարզ՝ ինչի արդյունքում ավելի քան 27,000 անձ ակնաբուժական հետազոտություն է անցել, ավելի քան 3,000 անձ՝ խորացված հետազոտություն Աչքի շարժական հիվանդանոցում, իրականացվել է շուրջ 2,000 վիրահատություն և լազերային բուժում, ավելի քան 5,500 բնակիչ ակնոց է ստացել: Ի տարբերություն Աչքի շարժական հիվանդանոցի ժամանակավոր ծառայությունների, կենտրոնը կգործի մշտապես։ Կենտրոնում վիրահատությունները իրականացվելու են ՀԱՆ-ի և Ս.Վ.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի կողմից վերապատրաստում անցած փորձառու մասնագետների վերահսկողությամբ: Վիրահատարանում առկա տեսակապի միջոցով անհրաժեշտության դեպքում տեղի բուժանձնակազմը կարող է կապ հաստատել Ս.Վ.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի հետ եւ խորհրդակցել վիրահատությունների ընթացքում:
Մի քանի տասնյակ բարերարներ, որոնց անունները հիշատակված են կենտրոնում, իրենց առատաձեռն նվիրատվություններով հնարավոր են դարձրել այս նախաձեռնությունը։ Սարքավորումների ձեռքբերումը, սենյակների կահավորումը և կենտրոնի գործարկման այլ անհրաժեշտ աշխատանքները իրականացվել են մի շարք կառույցների՝ Հայկական ակնաբուժության նախագծի, ՀՀ առողջապահության նախարարության, Սյունիքի մարզպետարանի, Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի ջանքերի շնորհիվ:
Մարզային ակնաբուժական կենտրոնների ստեղծումը ՀԱՆ-ի և ՀՀ առողջապահության նախարարության համատեղ «Ակնային առողջապահական համակարգի վերականգնում ՀՀ մարզերում» ծրագրի առանցքն է։ Այս հնգամյա ծրագիրը սկսվել է 2015թ.-ին Տավուշի մարզից։ Լոռու կենտրոնը բացվել է 2016թ-ին՝ Սպիտակ քաղաքում։ Կապանի կենտրոնը թվով երրորդն է, որից հետո առաջիկա երկու տարիներին նմանօրինակ եւս երկու կենտրոն կհիմնվի մարզերում։