«Լույս» հիմնադրամի՝ Հարվարդի համալսարանն ավարտած ուսանողուհին մտադիր է տեղափոխվել Հայաստան
«Լույս» հիմնադրամի շահառուներն այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին ներկայացրեցին իրենց կողմից մշակված և իրագործված լավագույն 10 ծրագրերը:
Ծրագրերից մեկը ներկայացրեց Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի ֆիզիկայի և համակարգչային գիտության ֆակուլտետում սովորող Արսեն Վասիլյանը: Նա նշեց, որ արդեն 3-րդ տարին է, ինչ «Լույս» հիմնադրամը և Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտը համագործակցում են, և համատեղ կերպով դասավանդում Հայաստանի տարբեր մարզերում սովորող աշակերտներին:
Այս տարի ուսումնական ծրագիրն իրականացվել է Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում: «Ծրագիրը հնարավորություն է տալիս Մասաչուսեթսի ուսանողներին ուղևորվել աշխարհի վեց երկրներ և այնտեղ դպրոցականներին դաս տալ, և այդ վեց երկրներից մեկը Հայաստանն է: Առաջին երկու տարիներին միայն Երևանում էինք դասավանդում, քանի որ մարզերում տեխնիկայի հետ կապված խնդիրներն կային: Ուրախ եմ, որ այս տարի հնարավորություն ունենք դասավանդելու նաև մարզերում: Ունեինք յոթ դաս, որոնցից երեքը դասավանդում էին Մասաչուսեթսի, իսկ մյուս չորսը՝ «Լույս»-ի ուսանողները»,-ասաց Արսեն Վասիլյանը՝ նշելով, որ դասավանդել են՝«Մաթեմատիկան՝ համակարգչային գիտության համար», «Գենետիկա և Ուղեծրային մեխանիկա», «Օպերացիոն համակարգեր», «Տվյալների գիտություն»:
Հիմնադրամի շահառու, Բերքլիի համալսարանի երրորդ կուրսի ուսանող Վահե Կարախանյանն իր հերթին տեղեկացրեց, որ «Զարգացնենք Հայաստանը միասին» ծրագրի շրջանակներում ինքը ևս եղել է Վանաձորում, վանաձորցի աշակերտներին սովորեցրել ծրագրավորման նորագույն լեզուներից մեկը։
«Փորձել եմ 10 օրում տեղավորվել ծրագրի ուսուցանման մեջ՝ երեխաներին բացատրելով, որ ներկայումս կան այնպիսի գործիքներ, որոնք ավելի են հեշտացնում գիտնականի և ինժեների գործը։ Իհարկե 10 դասը բավարար չէ լիարժեք գիտելիքներ հաղորդելու համար, սակայն երեխաները ցանկացած պահի կարող են կապվել մեզ հետ»,- ասաց նա։
Հարցին՝ արտերկրում ուսում ստանալուց հետո պլանավորո՞ւմ է վերադառնալ Հայաստան, Վահե Կարախանյանը միանշանակ պատասխան չտվեց՝ նշելով, որ չի բացառում դրսում աշխատելով՝ հայրենիքին նպաստ բերելու տարբերակը։
Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի ուսանող Ռոբեր Փանոսյանն էլ նշեց, որ դիմել է «Լույս» հիմանդրամին, ստացել գումար՝ Երևանում՝ դեպի Կոնդ տանող թունելում, թանգարան հիմնելու։ «Մենք պատկերասրահի նմուշներով ուզում ենք ցույց տալ, որ Հայաստանում մշտապես տեխնոլոգիական ուսումնասիրություններ են կատարվում»,- ասաց նա։
Ինչ վերաբերում է Հարվարդի համալսարանն այս տարի ավարտած Արփի Յուսուֆյանին, ապա ամերիկահայ ուսանողուհին հույս հայտնեց մի քանի տարի անց մշտական բնակություն հաստատել Հայաստանում և իր գիտելիքներն ի նպաստ դնել հայրենիքի զարգացմանը։