
Անահիտ Բախշյանն ազատվել է Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրենի պաշտոնից. ՀԺ
Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանն իր դիմումի համաձայն ազատվել է պաշտոնից։ «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում, մեկնաբանելով իր որոշումը, նա ասել է, որ պատճառը տարիքն է։ Այս տարվա սեպտեմբերին նա դառնալու է 70 տարեկան։
«Որպես օրինապահ քաղաքացի՝ աշխատանքից ազատման դիմում եմ գրել, որովհետև այդ տարիքում վարչական աշխատանքը սահմանափակվում է»,- պարզաբանել է տիկին Բախշյանը։
Խոսքը կառավարության ծրագրի համապատասխան դրույթի մասին է։ Անահիտ Բախշյանը չգիտի՝ օրենսդրական անհրաժեշտ փոփոխություններով դա ամրագրվե՞լ է, թե չէ։ Ամեն դեպքում նա գտնում է, որ պետք է տեղը զիջել երիտասարդներին։ Անահիտ Բախշյանը նկատել է, որ ճիշտ է, պաշտոնից հրաժարվել է, բայց շարունակելու է ակտիվորեն զբաղվել կրթության ոլորտի խնդիրներով՝ որպես Երևանի ավագանու անդամ և որպես կրթության ոլորտի փորձագետ։ Նշված պաշտոնը Անահիտ Բախշյանը զբաղեցնում էր 2012 թվականից։