Զարմացած չեմ, որ ՌԴ նախագահը հանդիպել է Ադրբեջանի նախագահի հետ. Արմեն Աշոտյան
«Զարմացած չեմ, որ Ռուսաստանի նախագահը հանդիպել է Ադրբեջանի նախագահի հետ, կանխատեսելի է նաև այլ կոնսուլտացիաների այլ ռաունդ»,- «Մեդիա կենտրոնում» հարցազրույց-ասուլիսում ասաց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը:
Նրա խոսքով, Մինսկի խմբի կողմից ջանքեր են գործադրվում կազմակերպելու Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպում. «Ինձ համար Ալիև-Պուտին հանդիպումը նախագահների հանդիպման քաղաքական նախապատրաստման ռաուդն է: Ես այդպես եմ դիտարկում»:
Ինչ վերաբերում է Արցախի նախագահի պաշտոնում երրորդ անգամ Բակո Սահակյանի վերընտրվելուն, մասնավորապես այն դիտարկումներին, որ երբ Ադրբեջանում երրորդ անգամ նախագահ ընտրվեց Իլհամ Ալիևը, հայկական երկու պետություններն որակեցին բռնապետության դրսևորում, իսկ Արցախում երրորդ անգամ Բակո Սահակյանի ընտրվելու փաստը համարում են ժողովրդավար, Արմեն Աշոտյանն ասաց. «Ադրբեջանի և Արցախի միջև նույնականացման նշան դնել ժողովրդավարության խնդիրների, քաղաքական համակարգերի կայացման համար, կարծում եմ, հանցավորության աստիճանի միամտություն է, որովհետև քաղաքական համակարգերի զարգացման տեսակետից մենք պարզապես գտնվում ենք տարբեր իրականությունների մեջ: Այն հանգամանքը, որ Արցախի գործող նախագահն անցումային շրջանում վերընտրվեց երեք տարով որպես ԼՂՀ նախագահ, քաղաքական, ռազմաքաղաքական որոշում է՝ ընդունված Արցախի ժողովրդի կողմից: Արցախում չեք գտնի ոչ քաղբանտարկյալ, ոչ ազատ խոսքի սահմանափակում, չեք գտնի կոռումպացվածության սարսափելի ճահճային աստիճանը: Երբևէ տեսե՞լ եք Ալիևին Բաքվի կենտրոնական հրապարակում առանց թիկնապահների զբոսնելիս, կամ գիշերային, առավոտյան Բաքվում զբոսնելիս: Բակո Սահակյանին բազմիցս են տեսել բոլորը, բոլոր զբոսաշրջիկները: Ինչպե՞ս կարելի է համեմատել: Արցախի ժողովուրդն իր խորհրդարանի միջոցով արտահայտեց իր քաղաքական կամքը ու տվեց այս գնահատականը»:
Նա նշեց, որ Արցախն ունի ժողովրդավարության շատ ավելի բարձր աստիճան, քան Ադրբեջանը: Այնուհետև նա հարցադրում արեց, թե Արցախի ժողովրդավարության ավելի բարձր աստիճանը Մինսկի խմբի ձևաչափում ի՞նչ արժեք, ի՞նչ ազդեցություն ունի:
«Դա Մինսկի խմբի դիվանագիտության գործընթացի վրա ունի որոշիչ ազդեցություն»,- իր իսկ հարցին պատասխանեց Արմեն Աշոտյանը:
Հարակից հրապարակումներ`
- Պուտինը Ալիևին. «Մենք ունենք ապագային ուղղված բազմաթիվ համատեղ ծրագրեր»
- Բակո Սահակյանն ունակ է իրացնելու արցախահայության շահերից բխող բոլոր գործառույթները. քաղաքագետ
- Արցախի ԱԺ հատուկ նիստում Բակո Սահակյանն ընտրվեց հանրապետության նախագահ
- Սարգսյան-Ալիև հանդիպումը, հնարավոր է, կայանա աշնանը
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան