Լևոն Ալթունյանը բարձր է գնահատել Հայկական ակնաբուժության նախագծի 25-ամյա գործունեությունը
Հայաստանի ամենահեռավոր գյուղում անգամ մարդիկ տեղյակ են Հայկական ակնաբուժության նախագծի (ՀԱՆ) և նրա «Լույս հայի աչքերին» ծրագրի մասին։ Գործունեությունը սկսելով պատերազմական և Հայաստանի համար տնտեսական դժվարին տարիներին` ՀԱՆ-ն անցած քառորդ դարում ակնաբուժական մեծածավալ ծառայություններ է մատուցել Հայաստանի բնակչությանը։ Այսօր Երևանում մեկնարկել է Հայկական ակնաբուժության նախագծի հիմնադրման 25- ամյակին նվիրված 15-րդ միջազգային ակնաբուժական համաժողովը, որին մասնակցում է Հայաստանի և աշխարհի 14 երկի շուրջ 300 մասնագետ։
ԱՆ լրատվական ծառայության հաղորդմամբ, դիմելով 15-րդ միջազգային ակնաբուժական համաժողովի մասնակիցներին` ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն ասել է. «ՀՀ առողջապահության նախարարությունը բարձր է գնահատում Հայկական ակնաբուժության նախագծի կողմից իրականացված բոլոր միջոցառումները և փաստում, որ այդ ամենի արդյունքում Հայաստանում ակնաբուժական ծառայությունների որակի բարելավման դրական լուրջ տեղաշարժեր կան։
Անգնահատելի են ամերիկյան հանգանակությունների շնորհիվ Հայաստան բերված աչքի շարժական հիվանդանոցի կողմից մատուցվող անվճար ակնաբուժական ծառայությունները Հայաստանի մարզերում, կրթական ծրագրերն ու վերապատրաստումները»։
Նախարարը կարևորել է, որ համաժողովի շրջանակում աշխարհի առաջատար կլինիկաների ներկայացուցիչները զեկույցներով ու գործնական վարժանքներով հանես կգան ոչ միայն ընդհանուր և մանկական ակնաբույժների, այլև նեոնատոլոգների ու նեոնատալ բուժքույրերի, առողջապահական համակարգի քաղաքականություն մշակողների համար։
«Այս տարի ՀԱՆ-ը նշում է հիմնադրման 25 ամյակը և, թերևս, նաև այդ պատճառով է, որ այս համաժողովը բացառիկ է և՛ իր ներկայացուցչականությամբ, և՛ իր օրակարգի հագեցվածությամբ»,-ասել է ՀԱՆ հիմնադիր-նախագահ Ռոջեր Օհանեսյանը: Նա տեղեկացրել է, որ ստեղծումից ի վեր բազմաթիվ կորպորատիվ նվիրատվությունների և անհատ բարերարների շնորհիվ ՀԱՆ-ն ավելի քան 26 մլն ԱՄՆ դոլարի արժողությամբ օգնություն է տրամադրել Հայաստանի ակնաբուժական համակարգին՝ նպաստելով ծառայությունների հասանելիության և որակի բարելավմանը:
Հայաստանում ակնաբուժության զարգացման և ծառայությունը բնակչության անապահով խմբերի համար հասանելի դարձնելու գործում մեծ ավանդ ունեցող մեր հայրենակիցը չէր կարող թաքցնել հուզմունքը` անդրադառնալով նախնիներից ժառանգած հայրենանվեր իր առաքելությանը։
Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Մալայանն անդրադարձել է ՀԱՆ-ի կողմից կազմակերպված ուսուցողական և կրթաթոշակային ծրագրերին, որոնց շնորհիվ հայաստանյան տասնյակ ակնաբույժներ բարձրացրել են մասնագիտական գիտելիքները և հմտությունները։
Կազմակերպության անցած ուղին և հիմնական ծրագրերը, այդ թվում՝ ՀԱՆ-ի Աչքի շարժական հիվանդանոցի աշխատանքների արդյունքները, ակնաբուժական մարզային կենտրոնների ստեղծումը, ՀԱՆ-ի և հայ ակնաբույժերի արդյունավետ համագործակցությունը, մանկական կուրության և շաքարախտով պայմանավորված ռետինոպաթիայի կանխարգելման ծրագրերը համառոտ ներկայացրել է ՀԱՆ-ի երևանյան գրասենյակի տնօրեն Նունե Եղիազարյանը:
Նշենք, որ համաժողովում քննարկումներ կծավալվեն ոչ միայն ակնաբուժության գլոբալ մարտահրավերների, այլև նեոնատալոգիայի ոլորտում, որտեղ մեծ դերակատարում են ունենալու Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցից ժամանած մասնագետները։