Հրաչյա Չանդիրյան. Առավելագույն ծրագիրը կիսով չափ կատարվեց
Բուդապեշտում ավարտվել է ջրային մարզաձևերի աշխարհի առաջնությունը, որին Հայաստանը ներկայանում էր ջրացատկ մրցաձևում: Եզրափակիչ օրը մեր մարզիկները հանդես եկան 10 մետր անհատական աշտարակացատկում:
ՀԱՕԿ-ի հաղորդմամբ, Վլադիմիր Հարությունյանը զբաղեցրել է 22-րդ տեղը, Վարտան Բայանդուրյանը` 41-րդ: Կիսաերզափակիչ անցնելու համար անհրաժեշտ էր մտնել 18 լավագույնների մեջ, իսկ եզրափակչին մասնակցում էր 12 ջրացատկորդ: Հաղթող ճանաչվեց Թոմաս Դեյլին:
«Կիսաեզրափակիչ անցնելու համար Հարությունյանին չորս տեղ չբավարարեց: Վլադիմիրի մկաններն ուշ «արթնացան», արդյունքում առաջին երեք ցատկերը, հատկապես երրորդը, նա անհաջող կատարեց: Եզրափակիչ երեք ցատկերում Վլադիմիրն ակնհայտորեն ավելացրեց, բայց, ինչպես ասում են, «գնացքն, արդեն գնացել էր»»,- ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասել է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հրաչյա Չանդիրյանը :
Վարտան Բայանդուրյանը հավաքականի կազմում առաջին անգամ էր հանդես գալիս այդպիսի լուրջ մակարդակում և չի կարողացել հաղթահարել հոգեբանական լարվածությունը: Մարզչի խոսքով, գլխավոր նպատակը միջազգային փորձ ձեռք բերելն էր:
«Պետք է իրատես լինել, սակայն ամեն դեպքում Վարդանն ինքն իրեն նման չէր»,- նշել է մարզիչը:
Հրաչյա Չանդիրյանն իր սաների ելույթները բավարար է գնահատում. «Աշխարհի առաջնությունից առաջ ես իմ առջև առավելագույն նպատակ էի դրել` եզրափակիչ մտնել սինքրոն ցատկում և կիսաեզրափակիչ` 10 մետր անհատական աշտարակացատկում: Առաջինը հաջողվեց, որոշակի հանգամանքներում անգամ կարող էինք զբաղեցնել ոչ թե 9-րդ, այլ 7-րդ տեղը: Նպատակի երկրորդ մասի իրականացման համար շատ քիչ բան չբավականացրեց»: