Ախալքալաքը 614 նոթբուք է ստացել առաջին դասարանցիների համար
Վրաստանի կրթության և գիտության նախարարությունը սկսել է համակարգիչների բաժանումը Սամցխե-Ջավախքի առաջին դասարանցիներին: jnews.ge-ի հաղորդմամբ, հուլիսի 22-ին Վրաստանի Կրթության և գիտության նախարարության ներկայացուցիչները Ջավախք են բերել առաջին դասարանցիների համար նախատեսված նոթբուքները:
Ախալքալաքի շրջանում, 2017-2018 թթ. ուսումնական տարում 614 առաջին դասարանցիներ կստանան նոր Acer նոթբուքներ, իսկ Նինոծմինդայի շրջանում՝ 351 առաջին դասարանցիներ: Ջավախքից հենց այսքան մարդ է գրանցվել Վրաստանի կրթության և գիտության նախարարության բազայում: Նոթբուքների գինը 371 լարի է:
«Իմ առաջին համակարգիչը» ծրագիրը, ըստ որի բոլոր առաջին դասարանցիներին բաժանվում են համակարգիչներ, սկսվել է 2011 թ.-ին: Ախալքալաքի Կրթական ռեսուրս կենտրոնի տնօրեն Թերեզա Չիվչյանի խոսքով, դպրոցներին նոթբուքերի բաժանումը կիրականացվի մինչ ուսումնական տարվա սկիզբ:
Այս տարի աննշան, սակայն նվազել է Ախալքալաքի շրջանի առաջին դասարանցիների թիվը նախորդ տարվա համեմատ: Անցյալ տարի առաջին դասարան է գնացել 674 երեխա:
Բորժոմի շրջանում այս տարի համակարգիչներ կստանան 337 առաջին դասարանցիներ, Ախալցխայում՝ 596, Ադիգենում՝ 194 և Ասպինձայում՝ 166:
Վրաստանում այս տարի գրանցվել է 50 341 առաջին դասարանցի:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները