«Ձեր զավակները նաև մեր երեխաներն են, Ձեզ հետ հավասար նաև մենք ենք պատասխանատու նրանց համար»
Հայաստանի Հանրապետությունում շարունակվում է ամառային զորակոչը: Այսօր՝ զորակոչի հերթական օրը, Panorama.am-ը Կենտրոնական հավաքակայանում հետևեց զորակոչի ընթացքին, զրուցեց նորակոչիկների և նրանց ծնողների հետ:
Նշենք, որ նախորդ զորակոչից սկսած զորակոչիկները զինվորական համազգեստ ստանում են հենց կենտրոնական հավաքակայանում։ Այսինքն` վիճակահանությամբ նախորոշված զորամասեր նրանք մեկնում են զինվորական համազգեստով, իսկ նրանց քաղաքացիական հագուստը փոխանցվում է ծնողներին:
Ամառային զորակոչի նորամուծությունն էլ այն է, որ հավաքակայանում զորակոչիկներն անցնում են բանակային սնունդի, և տանից այլևս սնունդ չեն բերում:
Կենտրոնական հավաքակայանում զորակոչի ընթացքին հետևում էր նաև ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանը: Նա շրջեց հավաքակայանով, հետաքրքրվեց զորակոչվող երիտասարդների տրամադրվածությամբ, նրանց առողջական վիճակով, ֆիզիկական պատրաստվածությամբ, մասնագիտական ու կրթական ունակություններով:
Արտակ Զաքարյանը նորակոչիկների ծնողների հետ զրույցում վստահեցրեց, որ իրենց կողմից բարձրացված ցանկացած խնդրին անդրադառնալու են:
«Հետագայում էլ մենք պատրաստ ենք ցանկացած հարց քննարկել, անհրաժեշտության դեպքում միջամտել: Ձեր զավակները նաև մեր երեխաներն են, Ձեզ հետ հավասար նաև մենք ենք պատասխանատու նրանց համար, և պատրաստ ենք ամեն ինչ անել, որ նրանց ծառայությունն անցնի բարձր մակարդակով»,- ասաց փոխնախարարը:
Արտակ Զաքարյանը լսեց նորակոչիկների ծնողների մտահոգող հարցերը, խնդրանքները: Ծնողներից ոմանք խնդրեցին՝ եթե հնարավոր է, ապա իրենց զավակները ծառայեն ավագ եղբայրների հետ նույն զորամասում:
Ծնողներից մեկն էլ դիմելով փոխնախարարին՝ ասաց, որ տղան սահմանափակումով պիտանի է զինվորական ծառայությանը, սակայն անհանգիստ է նրա համար: «Ցանկանում եմ, որ ավելի ուշադիր լինեն, մտահոգ եմ»,- նշեց նորակոչիկի մայրը:
Արտակ Զաքարյանը վստահեցրեց, որ յուրաքանչյուր խնդրի դեպքում ինքը պատրաստ է աջակցել, տիկնոջն էլ փոխանցեց իր հեռախոսահամարը, որ անհրաժեշտության դեպքում անմիջապես իր հետ կապ հաստատեն:
«Ուզում եմ, որ Ձեր զավակներին լավ լուրեր ուղարկեք, իսկ երկու տարի հետո բոլորդ նրանց մեծ ուրախությամբ դիմավորեք»,- ծնողների հետ զրուցելուց հետո ասաց փոխնախարարը:
Արտակ Զաքարյանի հաջորդ կանգառը վիճակահանության սենյակում էր, որտեղ Տավուշից, Կոտայքից, Երևանից եկած զորակոչիկները սպասում էին իրենց վիճակահանության հերթին:
«Բանակը սիրում է կազմակերպված, մտածող, դիմացինի հետ հարգանքով վերաբերվող մարդու: Վստահ եղեք, որ ամեն ինչ շատ լավ է լինելու: Ամենակարևորը՝ ցանկացած քայլ անելուց առաջ մտածեք ու նոր արեք: Դուք դառնում եք պատասխանատու ոչ միայն Ձեր, այլև Ձեր ընկերոջ, հրամանատարի, սահմանի, պետության համար, Ձեզ վստահված զենքի, տեխնիկայի համար: Ու միշտ հիշեք, որ երկու տարի հետո վերադառնալու եք տուն ու ամբողջ կյանքում հպարտանալու եք այդ երկու տարիների ծառայության համար: Բոլորիդ ցանկանում եմ բարի ծառայություն»,- դիմելով նորակոչիկներին՝ ասաց Արտակ Զաքարյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում