Դավիթ Հարությունյանն ու Ռիչարդ Միլսը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող օրենսդրական հարցեր
ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանՌիչարդ Միլսին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի վարչությունից:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող օրենսդրական հարցերի լայն շրջանակ:
Նախարարը դեսպանին ներկայացրել է էլեկտրոնային կառավարման գործիքակազմի ներդրման ընթացքն արդարադատության նախարարության մի շարք ոլորտներում, մասնավորապես՝ դատական արխիվի թվայնացման, e-apostille, e-notariat համակարգերի ներդրման ուղղությամբ տարվող աշխատանքների վերաբերյալ:
Ռիչարդ Միլսի ցանկությամբ նախարարն անդրադարձել է նաև նոր հակակոռուպցիոն քաղաքականությանն առնչվող մի շարք հարցերի՝ այդ ուղղությամբ ներդրված ջանքերին և ակնկալվող արդյունքներին:
Հանդիպման ավարտին դեսպան Միլսն իր խոսքում նշել է, որ ժողովրդի կարիքներին սատարող արդարադատության համակարգն անկախ ժողովրդավարության կենսական մասն է, և ողջունելով այդ գործընթացում արդարադատության նախարարության ձեռքբերումները՝ հետագա համագործակցության պատրաստակամություն է հայտնել: