Սահմանից՝ սահման. Ոսկեպարցի եղբայրները մեկնում են ծառայության
Ոսկեպարցի Ռաֆիկ և Արմեն Բեգլարյանները հորեղբոր տղաներ են, երկուսն էլ մեկնում են ծառայության: Վիճակահանությամբ որոշվել է՝ նրանք ծառայելու են Արցախում:
«Լավ կլինի, որ նույն զորամասում ծառայենք, կարծում եմ, որ միասին ավելի հեշտ կլինի»,- Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասում է Ռաֆիկ Բեգլարյանը:
Սահմանամերձ Ոսկեպար գյուղի բնակիչ 18-ամյա Ռաֆիկը կարատեիստ է, Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի ուսանող:
Ասում է՝ շատ լավ է տրամադրված ծառայությանը, փորձում է չմտածել բացասական երևույթների մասին. «Լավ կծառայեմ ու կվերադառնամ: Ծնողներիս էլ լավ եմ տրամադրել, աշխատել եմ այնպես անել, որ թեթև տանեն»:
Ռաֆիկին չի անհանգստացնում այն փաստը, որ հնարավոր է առաջնագծում ծառայի։
«Մենք լավ գիտենք, թե սահման պահելն ինչ բան է: Պատրաստ գնում ենք, մենք կրակոցից վախեցող չենք»,- նշում է Ռաֆիկն ու հավելում, որ իհարկե լավ կլիներ, եթե Տավուշի սահմանամերձ գյուղերի տղաները ծառայեին հենց Տավուշում:
Ռաֆիկի հետ ծառայության մեկնող Արմեն Բեգլարյանը Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ուսանող է:
«Ես ու Ռաֆիկը հորեղբոր տղաներ ենք, երկու եղբոր թոռներ, միասին գնում ենք ծառայության, հույս ունենք, որ Արցախում էլ միասին կլինենք, բայց եթե նույն զորամասում չլինենք, հոգով միշտ իրար հետ ենք»,- ասում է Արմենը:
Նա նույնպես կարծում է, որ առաջնագծում ծառայելը դժվար չի լինելու:
«Գյուղի տղերք ենք, հեշտ կհարմարվենք ծառայությանը, հետո մենք սովոր ենք, ամբողջ կյանքս անցել է կրակոցների մեջ: Հակառակը, որ չեն կրակում, մի տեսակ անսովոր է լինում»,- կատակով ավելացնում է Արմենն ու հավելում, որ Ոսկեպարի գրեթե բոլոր տներից երևում է հակառակորդի սահմանը:
Եղբայրները նորակոչիկներին մաղթում են անփորձանք, խաղաղ ծառայություն. «Մենք քաջ գիտակցում ենք, թե ինչ է հայրենիքը, ինչ է սահմանն ու պատերազմը: Թող բոլորը խաղաղ, անփորձանք ծառայեն, դեռ մի բան էլ ավելի հասնեն իրենց ծնողներին»:
Հարակից հրապարակումներ`
- «Ձեր զավակները նաև մեր երեխաներն են, Ձեզ հետ հավասար նաև մենք ենք պատասխանատու նրանց համար»
- Բարի ծառայություն ձեզ, տղերք
- «Ոչ մի մոր աչքերում արցունք չպիտի լինի, մենք վերադառնալու ենք». Նորակոչիկները մեկնում են ծառայության
- Բանակ են մեկնում առաջին նորակոչիկները. «Սաղ չյոտկի ա»
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում