Արտակ Զաքարյանը ամառային զորակոչի ընթացքը գնահատում է դրական
ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանը ամառային զորակոչի ընթացքը դրական է գնահատում: Ինչպես Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց փոխնախարարը, սկսած կազմակերպչական խնդիրներից մինչև իրավական, տեղում լուծվում են:
«Նորամուծությունները, որոնք այս տարիների ընթացքում ներդրվել են, մասնավորապես, նորակոչիկների հանդերձավորումը, հավաքակայանում նրանց սննդի փաթեթների տրամադրումը, ծնողների անմիջական մասնակցությունը վիճակահանությանը և նրանց կողմից բարձրացված տարբեր խնդիրների վերաբերյալ հստակ պարզաբանումներ տալը, գնահատում եմ դրական»,- ընդգծեց փոխնախարարը՝ հավելելով, որ նորամուծությունները շարունակական բնույթ են կրելու:
Արտակ Զաքարյանը նաև ասաց, որ Պաշտպանության նախարարության ղեկավարությունը գրեթե ամեն օր այցելում է Կենտրոնական հավաքակայան և ամեն օրվա ընթացքում ծագած խնդիրները տեղում լուծվում են:
Նշենք, որ այսօր փոխնախարարը Կենտրոնական հավաքակայանում հետևում էր զորակոչի ընթացքին, զրուցեց նորակոչիկների ծնողների հետ: Ըստ նրա՝ թեև նրանց մտահոգող հարցերը շատ չէին, կային մեկ-երկու խնդրահարույց հարցեր, որոնց լուծումը տեղում կտրվի:
«Նույնիսկ աննշան կամ թվացյալ խնդիրները, որոնք ծնողին անհանգստացնում են, դրանց ուշադրություն ենք դարձնում»,- ասաց Պաշտպանության նախարարի առաջին տեղակալը:
Կենտրոնական հավաքակայանում Արտակ Զաքարյանը նորակոչիկների ծնողներին տրամադրեց նաև իր հեռախոսահամարը, որ անհրաժեշտության դեպքում անմիջապես դիմեն իրեն: «Մենք ինքներս ստանձնում ենք պատասխանատվություն յուրաքանչյուր զինվորի ծառայության համար և պարտավոր ենք ծնողի մտահոգություններն այդ երկու տարիների ընթացքում անընդհատ լսել»,- նշեց փոխնախարարը: