Մեկնարկում է «ԱՄՆ-Աշխարհ» պատանեկան հավաքականների մրցախաղը
Սենթ Լուիսի շախմատի ակումբը, ՖԻԴԵ-ն և ԱՄՆ շախմատի ֆեդերացիան կազմակերպում են «ԱՄՆ-Աշխարհ» պատանեկան հավաքականների մրցախաղ, որը կանցկացվի հուլիսի 26-29-ը ԱՄՆ Սենթ Լուիս քաղաքում: Մրցախաղը կանցկացվի 2 տարիքային խմբերով՝ մինչև 17 և մինչև 14 տարեկաններ: Աշխարհի հավաքականի անդամներին ընտրել է ՖԻԴԵ-ի մարզչական հանձնաժողովը, իսկ վերջնական կազմը հաստատվել է ՖԻԴԵ-ի նախագահության նիստում:
Հայաստանի Շապմատի ֆեդերացիայի հաղորդմամբ, մինչև 17 տարեկանների աշխարհի հավաքականում է ընդգրկվել աշխարհի մինչև 16 տարեկանների չեմպիոն, միջազգային վարպետ Հայկ Մարտիրոսյանը:
Մինչև 17 տարեկանների հավաքականը բաղկացած է միայն պատանիներից, իսկ մինչև 14 տարեկանների թիմում հանդես են գալու 2 պատանի և 2 աղջիկ: Բացի Հայկ Մարտիրոսյանից աշխարհի մինչև 17 տարեկանների հավաքականում են ընգրկվել Անդրեյ Եսիպենկոն (Ռուսաստան), Անտոն Սմիրնովը (Ավստրալիա), Արյան Չոպրան (Հնդկաստան) և Ալեքսեյ Սարանան (Ռուսաստան): Մինչև 14 տարեկանների հավաքականում ընգրկված են Նոդիրբեկ Աբդուսատորովը (Ուզբեկստան), Ռամեշ Բաբու Պրագնանանդհան (Հնդկաստան), Բիբիսարա Ասաուբաևան (Ռուսաստան) ու Նուրգյուլ Սալիմովան (Բուլղարիա): ԱՄՆ մինչև 17 տարեկանների հավաքականում հանդես են գալու ԱՄՆ ներկայացնող մեր հայրենակից Սամուել Սևյանը, Ջեֆֆրի Սյունը, Լի Ժուֆենը, Ջոն Բուրկեն և Նիկոլաս Չեկան: ԱՄՆ մինչև 14 տարեկանների հավաքականում ընդգրկված են Լյան Ավոնդերը, Էնդրյու Հունը, Յիփ Կարիսսան և Մարթա Սամադաշվիլին: