Արցախում առաջիկայում կունենանք ձիթապտղի խոշոր պլանտացիաներ. ԱՀ գյուղնախարար
«Արցախի Հանրապետության տարածքում արդեն կան ձիթապտղի փոքր այգիներ, առաջիկայում մենք կունենանք ձիթապտղի խոշոր պլանտացիաներ»,- «Արցախպրես»-ի հաղորդմամբ այս մասին ասուլիսում հայտարարել է Արցախի գյուղատնտեսության նախարար Արամ Մխոյանը:
Նա նշել է, որ ձիթապտղի այգիներն իրենց կապահովեն ոչ միայն տեղական բարձրակարգ բուսական յուղով, այլև կունենան ֆինանսական մեծ հոսքերի հնարավորություններ:
«Պտղաբուծության մեջ ամենաեկամտաբեր ճյուղը համարվում է ձիթապտուղը: Գյուղատնտեսության հայեցակարգում ունենք պտղաբուծության զարգացման լուրջ ծրագրեր: Այնտեղ մեծ տեղ է գրավում ձիթապտղի մշակումը: Ես հավատացած եմ, որ ճիշտ կազմակերպված աշխատանքի շնորհիվ ձիթապտղի այգիները հետագայում կգերազանցեն նռան այգիներին»,-ասել է Ա. Մխոյանը:
Նախարարը նաև ասել է, որ Արցախում նռան այգիները խաղողագործությունից հետո իրենց ծավալով երկրորդ տեղում են:
«Ի տարբերություն խաղողի, նռան այգիների մշակման ուղղությամբ դրական աճ ունենք, հաշվի առնելով այն, որ խաղողի այգիները տարեցտարի պակասում կամ չեն զարգանում: Այսօր արդեն ունենք 1000 հա նռան այգի: Միայն վերջին 2 տարիների ընթացքում մոտ 300-400 հա նռան այգի է հիմնվել: Արցախում նռան այգիների զարգացման ուղղությամբ մենք իրականացվելիք ծրագիր ունենք. առաջիկա 10 տարիների ընթացքում նռան այգիները պետք է հասցնենք 5000 հա-ի: Այս ոլորտը զարգացնելու համար մենք աջակցության տարբեր ծրագրերով խրախուսում ենք հողօգտագործողներին: Արդյունքում՝ ԱՀ գյուղատնտեսության ոլորտը լուրջ առաջընթաց կունենա, կավելանան ֆինանսական հոսքերը, բերքի մի մասն էլ կարտահանվի»,- ասել է Արամ Մխոյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան