Պատմության թանգարանն ու Պատկերասրահն այս ուրբաթ բաց կլինեն մինչև ժամը 22:00-ն
Ուրբաթ օրը՝ հուլիսի 28-ին, Հայաստանի պատմության թանգարանը և Ազգային պատկերասրահը կաշխատեն այլ ժամատախտակով. երկու թանգարանների դռները բաց կլինեն մինչև ուշ երեկո՝ ժամը 22։00-ն։ Պատմության թանգարանն այդ օրը կաշխատի ժամը 11։00-ից 22։00-ն, Ազգային պատկերասրահը՝ ժամը 16։00-ից մինչև 22։00-ն։
Մշակույթի նախարարության տեղեկացմամբ, երեկոյան, երբ Հանրապետության հրապարակի շատրվանների շուրջ հարթակները մարդաշատ են լինում, թանգարանների սրահներում չեն մարի լույսերը, մարդիկ կհրավիրվեն ներս՝ ոչ միայն դիտելու ցուցադրանքը, այլև ունկնդրելու Արամ Խաչատրյանի անվան քառյակի մենակատար, դուդուկահար Էմանուել Հովհաննիսյանի կատարումները։
«Այս փոփոխությունն առայժմ փորձնական է, լավ արդյունքի դեպքում երկու թանգարաններն ամեն ուրբաթ կաշխատեն մինչև ուշ երեկո։
Գաղափարը ծնվեց , երբ Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի հետ շրջայց էր կատարում Պատկերասրահում»,- հայտնում են նախարարությունից։