Սևանը Կարմիր ծովի հետ չես համեմատի, բայց սուզվելու գեղեցիկ վայրեր շատ կան. սուզորդ
Ստորջրյա հետազոտությունների և սուզումների հայկական կենտրոնը, 2010 թվականից ի վեր, արդեն ութերորդ արշավն է կազմակերպում Սևանում: Սա Հայաստանում գրանցված առաջին սուզորդական կենտրոնն է,-լրագրողների հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ ասաց կենտրոնի նախագահ Կլոդ Թուլումջյանը։
Բանախոսը նշեց, որ ստորջրյա հետազոտությունների և սուզումների հայկական կենտրոնը պատրաստ է համագործակցել հայ գիտնականների և Բնապահպանության նախարարության հետ:
Ասուլիսին ներկա, կենտրոնի փոխնախագահ, երկրաբանական գիտությունների դոկտոր Արա Ավագյանը հիշեցրեց, որ կենտրոնի և Բնապահպանության նախարարության միջև հուլիսի 1-ին կնքված հուշագրով սահմանվում են համագործակցության երեք ուղղություններ՝ ջրային ավազանների ուսումնասիրություն, տեղեկատվության տարածում և փոխանակում և էկո կրթություն: Միաժամանակ, կենտրոնն իրականացնում է ոչ թե գիտական, այլ զուտ ճանաչողական հետազոտություններ:
«Հատկապես անհանգստացող է Սևանի հատակին կարծր աղբի առկայությունը: Լճի մակարդակի բարձրանալու հետևանքով ափին եղած աղբն այժմ հայտնվել է ջրի հատակին, հատակին են հայտնվել նաև ձկնորսական պարագաներ, որոնք շատ անգամ թակարդ են ձկների և խեցգետինների համար: Ձկների վտառներ Սևանում շատ քիչ են հանդիպում, որոշ ձկնատեսակներ ընդհանրապես չեն հանդիպում: Իսկ Ստորջրյա քաղաքի մասին պատմությունները միֆ են: Էական նշանակություն ունի գտածո նավակը, որը բավական վաղ շրջանի է՝ պատրաստված դարբնի ձեռքով: Բավական հետաքրքրական են նաև Սևանի հատակին նկատված պղպջակները, որոնք ստորջրյա աղբյուրների վկայությունն են»,- ասաց գիտնականը:
Ստորջրյա հետազոտությունների և սուզումների հայկական կենտրոնի համահիմնադիր Ստեփան Կոջոյանն էլ նշեց, որ աշխատում են նաև Հայաստանում ֆրանսիական դեսպանատան հետ:
«Սուզումները սկսել ենք հուլիսի 10-ից: Սուզվելու գեղեցիկ վայրեր շատ կան, հատկապես ժայռոտ հատվածներում: Իհարկե, Կարմիր ծովի հետ չես համեմատի, սակայն սուզվել կարելի է»,- ասաց նա:
Նույնը հաստատեց նաև կենտրոնի տեխնիկական մասի պատասխանատու Վահե Մելքոնյանը, ով նշեց, որ սուզումների արդյունքում Սևանից դուրս են բերվել կժեր, կենդանիների ոսկորներ, ուղտի գանգ, բեզոարյան այծի պոզեր, հին ցանցեր:
Հարակից հրապարակումներ`
- Սուզորդային «մկրտություն»՝ Սևանա լճում
- Սևանի հատակից հայտնաբերվել է տասնյակ հազարավոր տարվա վաղեմություն ունեցող զուբրի ոսկոր
- Սևանա լճի հատակից ուղտի գանգ է հայտնաբերվել. ջրասուզորդներ (Լուսանկարներ)
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին