Գյուղացիներին 5 տոկոս տոկոսադրույքով վարկեր կտրամադրվեն
ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով «Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության» ծրագրին՝ նշել է, որ 2017 թվականի հուլիսի 26-ի դրությամբ վաճառվել է 65 միավոր գյուղտեխնիկա, որից՝ 29 միավոր տրակտոր և 36 միավոր այլ գյուղտեխնիկա:
Այս պահի դրությամբ ծրագրում ընդգրկված են «ՓՄՁ ներդրումներ», «ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ» ՈՒՎԿ-ները և «ԱԳԲԱ Լիզինգ» վարկային կազմակերպությունը: Հիշեցնենք, որ այդ ծրագրով տեխնիկան տրամադրվում է 9 տոկոսով, որի 7 տոկոսը սուբսիդավորվում է պետության կողմից:
ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալը տեղեկացրել է, որ սուբսիդավորող գյուղվարկերը գյուղացիական տնտեսություններն արդեն հնարավորություն կունենան ձեռք բերել փաստացի 5, սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների համար՝ 3 տոկոս տարեկան տոկոսադրույքով: Այս տարի նախատեսվում է տրամադրել շուրջ 7 մլրդ դրամի վարկեր, իսկ հաջորդ տարիներին՝ շուրջ 10 մլրդ դրամի: Նոր ծրագրով վարկերը կտրամադրվեն 3-10 մլն դրամի սահմաններում և կլինեն նպատակային:
Ծրագրով նախատեսվում է նաև իրականացնել կարճաժամկետ դասընթացներ Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի մարզային մասնաճյուղերի կողմից, որոնք ուղղված կլինեն ագրոտեխնիկայի կանոնների իմացության մակարդակի, ֆինանսական գրագիտության բարձրացմանը, որին մասնակցելուց և հավաստագիրը ստանալուց հետո, գյուղացիները, ֆերմերային տնտեսությունները հնարավորություն կունենան դիմել բանկերին կամ վարկային կազմակերպություններին՝ մատչելի տոկոսադրույքով վարկեր ստանալու համար:
Ներկայացնելով նոր ծրագրերը, փոխնախարարը նշել է, որ գյուղատնտեսության նախարարությունը նախատեսում է իրականացնել հանրապետությունում ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների հիմնման պետական աջակցության ծրագիր, որի շրջանակում մատչելի վարկեր կտրամադրվեն շահառուներին:
Ռոբերտ Մակարյանը կոչ է արել բոլոր շահագրգիռ կազմակերպություններին, որոնք ոլորտում փորձառություն ունեն, առաջարկներ ներկայացնելու համար դիմել ԳՆ աշխատակազմի բուսաբուծության և բույսերի պաշտպանության վարչություն:
Նշվել է նաև, որ մթերումների դիմաց վճարումների խնդիրը կարգավորելու նպատակով շուտով կմեկնարկի մատչելի պայմաններով` 3 % տոկոսադրույքով, 1 տարի ժամկետով վերամշակող ընկերություններին մթերման վարկերի տրամադրման ծրագիրը: Փոխնախարարի պարզաբանմամբ` վարկի գումարը տրամադրվելու է անմիջապես գյուղացուն, որպեսզի վերամշակողներն այն այլ նպատակներով ծախսելու հնարավորություն չունենան:
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են