Նախարարը պահանջել է հստակ վերջնաժամկետ, այլապես կկիրառվեն տույժեր
Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ-6) միջպետական նշանակության ավտոճանապարհի Վանաձոր-Ալավերդի հատվածի լայնածավալ հիմնանորոգումը շարունակվում է։ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն այցելել է նշված ճանապարհահատված` շինարարական աշխատանքների որակին ու ընթացքին հետևելու։
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ ճանապարհի վերականգնման և բարելավման ծրագիրը մեկնարկել է անցած տարվա սեպտեմբերին։ «Կապավոր» ընկերությունը, որը պատասխանատու է ճանապարհի երրորդ հատվածի շինարարության համար, ամբողջությամբ ավարտել է կամուրջներից մեկի կառուցումը։ Ընկերության շինարարներն ավարտել են նաև 3 թունելներից երկրորդի հիմնանորոգումը: Այս դեպքում ավելի ճիշտ է ասել՝ կառուցումը, քանի որ տարիներ շարունակ այն վտանգավոր և դժվարանցանելի է եղել երթևեկության համար։
Այստեղ հատակն իջեցնելու եղանակով թունելի բարձրությունն ավելացվել է 2 մետրով` համապատասխանեցնելով ճանապարհաշինական ընդունված նորմերին։ Այն նաև լայնացվել է, հիմնովին նորոգվել են պատերն ու առաստաղը։ Մնացել է միայն լուսավորությունը ապահովել, որը, «Կապավոր» ընկերության տնօրենի խոսքով, նույնպես իրականացնելու են բարձր որակով։
Լիովին բարեկարգվել է նաև երրորդ թունելը։ Շինարարական ընկերության ղեկավարը հայտնեց, որ այստեղ կատարվել են ծրագրով նախատեսված բոլոր աշխատանքները։ Նախարարը, սակայն, ընդգծեց, որ անհրաժեշտ են բարեկարգման լրացուցիչ աշխատանքներ, որոնք կքննարկվեն ընթացիկ աշխատանքին զուգահեռ։
Վանաձորից եկող ճանապարհի առաջին հատվածում, որտեղ շինարարությունն իրականացնում է «Արարատ-ճանշին» ընկերությունը, այս պահին ասֆալտապատման աշխատանքները ձգձգվում են ենթակառուցվածքները վերամոնտաժելու պատճառով։ Ուշացնում են ՀԷԿ-ի, ինչպես նաև ջրատար նոր խողովակները տեղադրող և հներն ապամոնտաժող ենթակապալառուները: Նախարարը պահանջել է հստակ վերջնաժամկետ և հանձնարարել բոլոր հին խողովակները ապամոնտաժել և նորերը տեղադրել մինչև օգոստոսի 15-ը։ Հակառակ դեպքում կկիրառվեն տույժեր` այդ թվում նաև պայմանագրի վերանայում։
Հիմնանորոգվող երկրորդ հատվածի կապալառու «Ճանապարհ» ՍՊ ընկերության տնօրեն Էդուարդ Բեզոյանը նախարարին ներկայացրեց ընթացիկ խնդիրները։ Որոշ տեղերում առկա են նաև սեփականաշնորհված հողատարածքներն իրացնելու խնդիրներ։
Նախարարին ներկայացվել է կատարված աշխատանքը` ճանապարհի հատվածաբար
լայնացումը, կառուցված հենապատերը, կտրուկ վայրէջք-վերելքների մեղմացումները։
Նախարար Վահան Մարտիրոսյանն, ընդհանուր առմամբ, շինարարության ընթացքն ու որակը գոհացուցիչ է համարել, սակայն բոլոր 3 ընկերություններին հանձնարարել է խստագույնս հետևել պայմանագրով նախատեսված ժամանակացույցին՝ միաժամանակ պահպանելով որակի պահանջները, հաշվի առնել նաև բնապահպանական նորմերը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան