Այս տարի ծիրանի արտահանման աննախադեպ աճ է գրանցվել
Հուլիսի 26-ի դրությամբ հանրապետությունում վերամշակող ընկերությունների կողմից մթերվել է 10 հազար 500 տոննա պտուղ-բանջարեղեն, որից 1330 տոննան՝ բանջարեղեն, 9170 տոննան՝ պտուղ,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը:
Նրա խոսքերով՝ 7300 տոննան եղել է ծիրան. «Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ վերամշակող ընկերությունների կողմից մթերվել է 7100 տոննա պտուղ-բանջարեղեն: Այսինքն՝ այս տարի շուրջ 67 տոկոսով ավելի պտուղ-բանջարեղեն են մթերել ընկերությունները»։
Ինչ վերաբերում է արտահանմանը, ապա հուլիսի 26-ի դրությամբ` Հայաստանից արտահանվել է 65 հազար տոննա պտուղ-բանջարեղեն:
Այս տարի, ըստ փոխնախարարի, արդեն 26 հազար տոննա ծիրան է արտահանվել, նախորդ տարի այն կազմել է 19 հազար 900 տոննա:
«Վերջին 7 տարիների ընթացքում նման ցուցանիշ չի արձանագրվել: Ծիրանի արտահանումը շարունակվում է, քանի որ սառնարաններում դեռևս մնացել է պահեստավորված ծիրան»,- ասաց Ռոբերտ Մակարյանը:
Փոխնախարարը նշեց, որ աճել է նաև ելակի արտահանումը, մասնավորապես, հանրապետությունից արտահանվել է շուրջ 2500 տոննա, որը երկու անգամ գերազանցել է նախորդ տարվա ծավալը:
Հանրապետությունից արտահանվել է նաև 5400 տոննա կարտոֆիլ, նախորդ տարվա համեմատ դա երեք անգամ ավելի է: Արտահանման հիմնական երկրներն են` Ռուսաստանի Դաշնություն` 62 հազար տոննա, Վրաստան, ԱՄԷ, Բելառուս և Ուկրաինա:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան