Բրեդ Շերմանը կոչ է անում շարունակել ԱՄՆ-ի կողմից Արցախում ականազերծման գործընթացի ֆինանսավորումը
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի բարձրաստիճան անդամ և Հայկական հարցերով հանձնախմբի անդամ կոնգրեսական Բրեդ Շերմանը (դեմոկրատ, Կալիֆորնիա) կոչ է արել սատարել ԱՄՆ-ի կողմից Արցախում ականազերծման գործընթացին Ներկայացուցիչների պալատի Եվրոպայի, Եվրասիայի և նոր սպառնալիքների ենթահանձնաժողովի «Նախագահի առաջարկած՝ Եվրոպայի և Եվրասիայի համար 2018թ. ֆինանսական տարվա բյուջեի քննում» խորագրով լսումների ժամանակ: Այս մասին հայտնում են Ամերիկայի հայկական համագումարից (Համագումար):
«Մի փոքր խոսենք Արցախում ականազերծման գործընթացի մասին: Այն ժամանակվա Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանն ուղղված մեր օգնության ծրագրերը 1998թ.-ից ի վեր աջակցել է կյանքեր փրկող մայրական առողջության պահպանմանը, մաքուր խմելու ջրի ապահովմանը, մաքրել տարածքները ականներից և չպայթած սարքավորումներից: HALO Trust կազմակերպությունը, որը ղեկավարում է ականազերծման գործընթացը, հաղորդում է, որ 88%-ով ավարտին է հասցրել իր առաքելությունը, սակայն դեռևս ԱՄՆ-ի դրամական միջոցների կարիքն ունի կյանքեր փրկող իր գործունեությունը շարունակելու համար. դեռևս հավելյալ մարդասիրական կարիքներ կան: Արդյո՞ք ակնկալվում է, որ HALO Trust-ը կֆինանսավորվի, որպեսզի կարողանա ավարտին հասցնել ականազերծման գործընթացը», - հարցրել է կոնգրեսական Շերմանը:
ԱՄՆ Պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոյում պետքարտուղարի առաջին փոխտեղակալի պաշտոնակատար դեսպան Ջոն Հեֆերնն ի պատասխան նշել է. «Տարիներ շարունակ, ինչպես գիտեք, Լեռնային Ղարաբաղին՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդին, տրամադրել ենք 45 միլիոն ԱՄՆ դոլարի օգնություն, մարդասիրական օգնություն, ինչպես ձևակերպեցիք, ջրի և ականազերծման [համար]: Ինչպես հասկացա, HALO Trust-ի վերջին զեկույցում հաշվարկվել է վերջինիս ականազերծման գործընթացի մոտավորապես 96-97% իրագործում, ինչը շատ կարևոր է, և պետք է դրա գնահատականը տրվի նախքան հաջորդ քայլի մասին որոշում կկայացնենք»:
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ, USAID) Եվրոպայի և Եվրասիայի բյուրոյում տնօրենի օգնականի պաշտոնակատար Մարգո Էլլիսը հավելեց, որ ականազերծումը սովորաբար ֆինանսավորվում է իրենց տարածաշրջանային բյուջեից:
«Նախկինում հայց ենք ուղարկել Կոնգրեսին, որպեսզի մեզ ներգրավեն դրանում, և նմանատիպ հայց կներկայացնենք», - ավելացրեց նա:
Համագումարն իր 2018թ. ֆինանսական տարվա վկայությունում կոչ էր արել ոչ պակաս քան 8 միլիոն ԱՄՆ դոլար հատկացնել Արցախին, այդ թվում՝ ականազերծման գործընթացին: «Հարաբերականորեն փոքր ներդրմամբ Ամերիկան հնարավորություն ունի զգալի փոփոխություն բերել Արցախի ժողովրդի առօրյա կյանքում», - հայտարարված է Համագումարի վկայությունում:
Կոնգրեսական Շերմանը նաև բարձրացրել է Հայաստանի հետ երկկողմ հարկային համաձայնագրի բանակցային գործընթացի և այդ համաձայնագրին առաջնահերթություն տալուն Պետքարտուղարությունում կարևորությունը: Նա հայտարարել է. «Մենք ականատես ենք եղել ԱՄՆ-ի և Հայաստանի առևտրային փոխգործակցության աճի, այդ թվում, դեսպանի հաղորդմամբ` ավելի քան 500 միլիոն ԱՄՆ դոլարի նոր ամերիկյան ներդրումների Հայաստանում էներգետիկայի և հանքարդյունաբերության ոլորտներում», - հավելել է Շերմանը: «Գանձապետարանը պետք է առաջնահերթություն նշի, թե որտեղ պետք է տեղակայվեն իրենց հարկային հարցերով իրավաբանները, և մի շարք այլ երկրներ ցանկանում են բանակցել մեզ հետ այս համաձայնագրերի կապակցությամբ: Սակայն իմ կարծիքով մեր ազգային անվտանգության շահերից է բխում լավ առևտրային կապեր ունենալ նախկին խորհրդային պետությունների հետ»: Շերմանը նշել է, որ Հայաստանի կառավարությունը հայտարարել է, որ դրանք ամերիկյան մոդելի վրա կհիմնվեն:
Ավելի վաղ լսումների ժամանակ դեսպան Հեֆերնը նշել էր, որ ԱՄՆ-ն փորձում է Հայաստանի հետ օգնության վրա հիմնված հարաբերություններից անցնել առևտրային հարաբերությունների: Էլլիսը ավելացրել է, որ ԱՄՆ ՄԶԳ-ն «որոշել էր կենտրոնանալ ՏՏ և էներգետիկայի ոլորտներում, քանի որ դրանք ոլորտներ էին, որոնք կարող են ոչ միայն խթանել եվրաատլանտյան ինտեգրումը, այլև հնարավորություն տալ ԱՄՆ-ի բիզնեսի ընդլայնման և Հայաստանի հետ գործընկերության համար»:
Իր գրավոր վկայությամբ Էլլիսը հայտարարել է. «ԱՄՆ ՄԶԳ-ն սերտորեն համագործակցում է Եվրամիության և եվրոպական այլ դոնոր կազմակերպությունների հետ` առաջնահերթություն տալու օգնությանը, համատեղ ֆինանսավորելու ծրագրերին, և առավելագույն լծակներ ձեռք բերելու՝ միաժամանակ կրկնապատկումից խուսափելով: Հայաստանում, օրինակ, երեք տարի շարունակ համագործակցում ենք մասնավոր հատվածի, ընդունող երկրի կառավարության և Երևանի պետական համալսարանի հետ՝ հանրային-մասնավոր գործընկերությամբ՝ 7 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ «Նորարար լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնի ստեղծման ծրագրի» համար: ԱՄՆ ՄԶԳ-ի 2,5 միլիոն ԱՄՆ դոլար ներդրումը բերում է 4,5 միլիոն ԱՄՆ դոլար ոչ ԱՄՆ կառավարության ֆինանսավորման՝ ի աջակցություն այս ծրագրի, որը կզարգացնի և կհզորացնի հայաստանյան բարձրագույն ուսումնական հաստատությունների կրթական կարողությունները տեղեկատվական տեխնոլոգիաներում և կբարելավի նրանց հետազոտական ներուժը կրթության բնագավառում»:
«Բարձր ենք գնահատում ԱՄՆ-ի աջակցությունը Հայաստանին ավելի շատ առևտրային ու ներդրումային ուղղությամբ. այդ աշխատանքներն անհրաժեշտ են, հատկապես հաշվի առնելով Հայաստանի և Արցախի նկատմամբ ադրբեջանական և թուրքական համակարգված շրջափակումների շարունակվող քայքայիչ հետևանքները:
Ազատության աջակցության ակտի 907-րդ բանաձևով արգելվում է Ադրբեջանին ուղղված ԱՄՆ-ի օգնությունը մեծ մասը, բացառությամբ ժողովրդավարության կառուցման և մարդասիրական օգնության, «քանի դեռ [ԱՄՆ] նախագահը չի վճռել և չի հաղորդել Կոնգրեսին, որ Ադրբեջանի կառավարությունն ակնհայտ քայլեր է ձեռնարկում՝ վերացնելու բոլոր տեսակի շրջափակումներն ու hարձակողական ուժի այլ կիրառումները Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ» կամ [ԱՄՆ] նախագահը կասեցնում է այն [բանաձևը] հօգուտ ԱՄՆ ազգային շահերի: Հաշվի առնելով Ալիևի վարչակազմի դեմ համատարած աճող վկայությունները, Հայաստանն ու Արցախը պետք է ավելի շատ օգնություն ստանան ի հավելումն առևտրային և ներդրումային ծրագրերի», - նշել են Համագումարի համանախագահներ Էնթոնի Բարսամյանը և Վան Գրիգորյանը:
Հարակից հրապարակումներ`
- Ականազերծման ոլորտում լուրջ անելիքներ կան սահմանամերձ համայնքների բնակչության իրազեկվածության ուղղությամբ. Տոնոյան
- ԼՂՀ-ում կին-սակրավորներն ականազերծել են 20.743 քառակուսի մետր տարածք
- Կարեն Միրզոյանը երախտագիտություն է հայտնել «The HALO Trust»-ի ներկայացուցչին` ԼՂՀ տարածքում մարդասիրական գործունեության համար
- ԼՂՀ ԱԺ նախագահը հանդիպել է «The HALO TRUST»-ի ղարաբաղյան ծրագրի ղեկավարին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան