«Կոմիտաս» պանթեոնում բացվեց Օֆելյա Համբարձումյանի հուշարձանը
«Ես խոնարհվում եմ այս անվան առջև»,- Երևանի «Կոմիտաս» պանթեոնում ՀԽՍՀ ժողովրդական արտիստուհի Օֆելյա Համբարձումյանի հուշարձանի բացման արարողության ժամանակ ասաց ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Ռուբեն Մաթևոսյանը:
Նա նշեց, որ իր համար Օֆելյա Համբարձումյանը դարաշրջան է, իբրև երգչուհի՝ անզուգական երևույթ. «Ժողովրդական է, ժողովրդի հոգուց է, ժողովրդի համար է, ժողովրդի գիտակցությունը, ձայնն է արտաբերել Երևանից մինչև աշխարհի բոլոր անկյունները»:
ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանի համար Օֆելյա Համբարձումյանը նույնպես անկրկնելի է, ազգային երգարվեստի ամենաբարձունքն է:
«Չեմ տեսնում որևէ մեկին, ով կկարողանա փոխարինել Օֆելյա Համբարձումյանին, չնայած կրկնօրինակման շատ փորձեր են արվում: Ինքն անկրկնելի է՝ բոլոր առումներով»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա:
Ռ. Մկրտչյանը հիշեց, որ դեռ դպրոցական տարիքում է առաջին անգամ լսել Օ. Համբարձումյանին:
«Մեզ տարան «Անահիտ» հեքիաթի ֆիլմը դիտելու: Օֆելյան կատարում էր «Աղբյուրի մոտ» երգը: Սիրահարվեցի այդ ձայնին՝ կարկաչուն, պարզ, թափանցիկ: Ուղղակի ամբողջ կյանքում այդ երգն ինձ հետամուտ էր լինում»,- նշեց երգչուհին:
«Սխալ մոտեցում կա, որ մեծամիտ էր: Իրականում այդպես չէ: Շիտակ կին էր, երեսին ասում էր, եթե որևէ բան իրեն դուր չէր գալիս: Ուշադիր էր կողքի մարդու, մենակատարի նկատմամբ: Մի պատմություն հիշեցի: Ծովափնյա համերգներ ունեինք: Առաջին օրը մի 15 րոպե նստեցինք ծովափին: Ես վառվել էի: Երևանից վարունգ էր բերել հետը, ամբողջ գիշեր այդ վարունգները բարակ կտրատում, շարում էր վրաս, որ ցավերը մեղմվեն»,- ասաց Ռ.Մկրտչյանը:
Քանդակի բացմանը ներկա մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի խոսքով, թեև մեկ տարուց ավելի է Օ. Համբարձումյանն արդեն մեզ հետ չէ, բայց նրա կատարողական արվեստի ժառանգությունը դեռ շատ երկար տարիներ շարունակելու է կրթել սերունդերին:
«Մեր զավակների մեջ ազգային ինքնությունն արթնացնելու լավագույն միջոցը հենց Օֆելյա Համբարձումյանի կատարումներն են»,- նշեց նախարարը:
Քանդակագործ Էմին Պետրոսյանն իր աշխատանքում ներկայացրել է հենց երգչուհու հավերժական լինելու գաղափարը:
«Սիմվոլիկ է, չկա կերպարային կոմպոզիցիա: Ընտանիքի ցանկությունն էր, որ լինի ուղղակի կոմպոզիցիոն աշխատանք: Էսքիզներն անելուց, քննարկումներից հետո եկանք այս տարբերակին: Աշխատանքը ներկայացնում է ջրի շրջափուլը, որը, ըստ ինձ, խորհրդանշում է հավերժություն: Իր կերպարը մարմնավորել եմ կաթիլի մեջ: Գտնում եմ, որ ինքն այդ մշակույթի, ծովի մի կաթիլն էր: Լավատես եմ, որ նման կաթիլներ էլի կլինեն, ազգային երգ, երաժշտությունը կունենա իր շարունակությունը»,- ասաց քանդակագործը:
Քանդակի քարը՝ տրավերտին, հենց քանդակագործն է ընտրել. «Հետաքրքիր դեկորատիվ քար է, որը կոմպոզիցիայի հետ համահունչ է, նույնիսկ ծակոտկեները: Ցանկացած քարից կարելի էր անել, սակայն նաև այս քարի բաց գույնը կնոջ կերպարին համահունչ է»:
Հիշեցնենք, որ Օֆելյա Համբարձումյանը մահացել է 2016 թվականի հունիսի 13-ին 91 տարեկանում:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան