Պաղպաղակ արտադրող 10 ընկերություններ թույլ չեն տվել ստուգումներ անցկացնել. Մելիտա Հակոբյան
Հայաստանի սպառողների ազգային ակադեմիայի ներկայացուցիչներն օրերս եղել են պաղպաղակ արտադրող մի քանի ընկերություններում՝ հետևելու արտադրական գործընթացին և պատրաստի արտադրանքի որակական ցուցանիշներին:
Լրագրողների հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ ակադեմիայի նախագահ Մելիտա Հակոբյանը նշեց, որ նախապես նամակ են գրել պաղպաղակ արտադրող 15 ընկերությունների՝ խնդրելով թույլ տալ ստուգումներ անցկացնել իրենց արտադրամասերում: Արձագանքել են միայն 5 ընկերություններ՝ «Թամարա», «Գրանդ Քենդի», «Աշտարակ կաթ», «Արմսուիթ» և «Այս դեսերտ»:
«Այս բոլոր ընկերություններում գրեթե թերություններ չեն հայտնաբերվել: Արտադրական գործընթացներում որևէ նկատելի խախտումներ չեն գրանցվել: Պաղպաղակների պիտակավորումները և արտադրական հումքը եղել են նորմալ: Բաղադրության մեջ որոշ դեպքերում օգտագործվել է կարագ, որոշ դեպքերում՝ բուսական յուղ: Սակայն որոշ ընկերություններ չեն նշել՝ հատկապես ինչ բուսական յուղ և ինչ քանակությամբ է օգտագործվել»,- ասաց բանախոսը:
Մելիտա Հակոբյանը կասկած հայտնեց՝ պաղպաղակ արտադրող այն ընկերությունները, որոնք ասոցիացիայի անդամներին թույլ չեն տվել ստուգումներ անցկացնել արտադրամասերում, հնարավոր է՝ լուրջ խախտումներ են թաքցնում:
Բանախոսը նաև ընդգծեց, որ որոշ սուպերմարկետներում ռուսական արտադրության պաղպաղակը վաճառվում է հայկական ընկերությունների սառնարաններում, ինչը ոչ այլ ինչ է, եթե ոչ սպառողի մոլորեցում:
Ասուլիսին ներկա սպառողների ազգային ակադեմիայի մոնիթորինգի բաժնի ղեկավար Ռուբեն Հայթյանն իր հերթին նշեց, որ ռուսական արտադրության պաղպաղակը շուկայում ներկայացված է 15 տոկոսով, տեղական արտադրանքի համեմատ՝ զգալի թանկ գնով:
Նա ասաց, որ լցնովի պաղպաղակի՝ Երևանի կենտրոնում տեղակայված հինգ կետերից միայն մեկն է որակը հավաստող փաստաթղթեր ունեցել, մյուսների արտադրությունը կասկածելի ծագման է եղել:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան