Երեք բրոնզ և թիմային յոթերորդ տեղ՝ ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում
Սարաևոյում ավարտված ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում Հայաստանի հավաքականը երեք բրոնզե մեդալ է նվաճել: ՀԱՕԿ հաղորդմամբ, առաջին մեդալը բերել է 50 կգ քաշային Գենիկ Ասատրյանը, որը երրորդ տեղի համար պայքարում 3:1 հաշվով պարտության է մատնել ադրբեջանցի Ռամիզ Հասանովին: Այնուհետև 46 կգ քաշային Առաքել Մովսեսյանը մակեդոնացի Աիդ Սալիասի հետ գոտեմարտն ավարտին հասցրել է «կայծակնային» արագությամբ՝ հաղթելով 10:0 հաշվով:
Երրորդ բրոնզը նվաճել է 100 կգ քաշային Մարտին Սիմոնյանը: Մեր ըմբիշը սահմանված չորս րոպեից էլ պակաս ժամանակում իր հսկայական առավելությունը ցույց է տվել Ադրբեջանի ներկայացուցիչ Համլետ Նասիբլիի նկատմամբ և միավորների 12:1 տարբերությամբ գոտեմարտը դադարեցվել է:
Թիմային հաշվարկով ազատ ոճի Հայաստանի պատանիների հավաքականը 29 երկրների պայքարում 38 միավորով զբաղեցրեց յոթերորդ հորիզոնականը: