Կիևի կենտրոնում ի պաշտպանություն Սաակաշվիլիի ցույց է տեղի ունենում
Կիևի կենտրոնում ի պաշտպանություն Ուկրաինայի քաղաքացիությունից զրկված, Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի ցույց է տեղի ունենում։ Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
Միջոցառմանը, որը կազմակերպել է Սաակաշվիլիի «Ռուխ նովիխ սիլ» կուսակցությունը, հավաքվել է շուրջ 100 մարդ։
«Մենք պետք է փոխանակվենք մտքերով և պլանավորենք մեր հետագա անելիքները»,- ասել է կուսակցության անդամ Օլգա Բալաբալան։ Ելույթ ունեցողները Սաակաշվիլիին քաղաքացիությունից զրկելու համար դատապարտել են Պյոտր Պորոշենկոյին։
Վրացի գործչին քաղաքացիությունից զրկելու համար տեղում ստորագրահավաք է կազմակերպվել։ Ցուցարարների ձեռքերում Ուկրաինայի դրոշներ և ցուցապաստառներ են՝ «Քաղաքացիությունից զրկելը ոտնձգություն է Սահակաշվիլիի նկատմամբ» գրությամբ։
Ինքը՝ Սաակաշվիլին, այս պահին գտնվում է Միացյալ նահանգներում։