Հայկ Մարտիրոսյանը պարտություն է կրել ԱՄՆ ներկայացնող Սամուել Սևյանից
Սենթ Լուիսում մեկնարկել է «ԱՄՆ – Աշխարհ» պատանեկան հավաքականների մրցախաղը, որն անցկացվում է 2 տարիքային խմբերով՝ մինչև 17 և մինչև 14 տարեկաններ: Աշխարհի հավաքականի անդամներին ընտրել է ՖԻԴԵ-ի մարզչական հանձնաժողովը, իսկ վերջնական կազմը հաստատվել է ՖԻԴԵ-ի նախագահության նիստում: Մինչև 17 տարեկանների աշխարհի հավաքականում է ընդգրկվել աշխարհի մինչև 16 տարեկանների չեմպիոն, միջազգային վարպետ Հայկ Մարտիրոսյանը:
Հայաստանի Շախմատի ֆեդերացիայի հաղորդմամբ, երեկ կայացել են մրցաշարի մեկնարկային տուրերը, իսկ մրցախաղի առաջին քայլը Հայկ Մարտիրոսյան – Ջեֆֆրի Սյուն պարտիայում կատարել է աշխարհի 13-րդ չեմպիոն Գարրի Կասպարովը: Հայկ Մարտիրոսյան – Ջեֆֆրի Սյուն պարտիան արդյունքում ավարտվել է ոչ-ոքի արդյունքով, իսկ առաջին մրցախաղն ավարտվել է 2-2 հաշվով: 2-րդ տուրում Հայկ Մարտիրոսյանը պարտություն է կրել ԱՄՆ ներկայացնող մեր հայրենակից Սամուել Սևյանից: 2-րդ մրցախաղը նույնպես ավարտվել է 2-2 հաշվով: Մինչև 14 տարեկանների պայքարի առաջին մրցախաղում աշխարհի հավաքականը 2.5 – 1.5 հաշվով առավելության հասավ ԱՄՆ նկատմամբ:
Մինչև 17 տարեկանների մրցախաղում անցկացվելու է 8 տուր, իսկ մինչև 14 տարեկանների պայքարում՝ 4: