Վարդան Արամյանը հուսով է, որ կրկնակի հարկումը բացառող հաջորդ համաձայնագիրը կլինի ԱՄՆ-ի հետ
ԱՄՆ-ի հետ կրկնակի հարկումը բացառող պայմանագրի ստորագրումը մշտապես ՀՀ ֆինանսների նախարարության օրակարգում է: Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:
«2008 թվականից, երբ ես տեղափոխվեցի Ֆինանսների նախարարություն, չեմ հիշում մեկ տարի, որ հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովում այդ հարցը՝ որպես մեզ համար կարևորագույն հարց, դրված չլինի»,- նշեց Վարդան Արամյանը:
Դիտարկմանը, թե ի՞նչ է դա տալիս մեզ, նախարարը պատասխանեց. «Երբ որ տնտեսվարողները որոշումներ են կայացնում, նրանք նայում են հարկման դաշտն ու դա նրանց համար կարևոր է։ Այն երկրները, որտեղ կա կրկնակի հարկման համաձայնագիր, դա նաև որոշակի վստահություն է տալիս տնտեսվարողին, որպեսզի հետագայում, եթե ինչ-որ առումով տեղի ունենան որոշակի տարաձայնություններ, խաղի կանոններն ավելի հստակ լինեն, ուստի մենք մշտապես ամերիկյան մեր գործընկերների հետ այս հարցը քննարկում ենք»:
Նա հիշեցրեց, որ Հայաստանն օրեր առաջ կրկնակի հարկման մասին համաձայնագիր է ստորագրել Իսրայելի հետ. «Այսօր ունենք 46 երկիր, որոնց հետ կնքել ենք կրկնակի հարկումը բացառող համաձայնագրեր, Իսրայելը դարձավ 47-ը, հուսով ենք, որ Միացյալ նահանգները հաջորդը կլինի»։