Կանադայի հայ դատի հանձնախումբը կոչ է արել Օտտավային դադարեցնել զենքի վաճառքն Ադրբեջանին
Կանադայի Հայ դատի հանձնախումբն իր վրդովմունքն է հայտնել՝ իմանալով, որ Կանադայի կառավարությունն արտահանման թույլտվություն է տրամադրել Տորոնտոյում տեղակայված զրահապատ մեքենաների արտադրության գծով մասնագիտացած «INKAS Armored Vehicle Manufacturing» ընկերությանը՝ բարձրտեխնոլոգիական ռազմատեխնիկա Ադրբեջան տեղափոխելու համար: Այս մասին հայտնում է asbarez.com պարբերականը:
Կանադայի միջազգային առևտրի հարցերով նախարար Ֆրանսուա Ֆիլիպ Շամպայնին հուլիսի 24-ին ուղարկված նամակում հանձնախումբը Կանադայի կառավարությանը կոչ է արել անհապաղ կանգնեցնել Ադրբեջանին զենքի փոխանցումը և ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ այդ որոշումը չեղարկելու համար:
«Վտանգավոր զենքի մատակարարումներն Ադրբեջանի նման խարդախ պետություններին խախտում են Կանադայի զենքի արտահանման կարգավորումների հիմնական նորմերը և զգալի վտանգ են ստեղծում ներքին և տարածաշրջանային կայունության համար»,- ասել է հանձնախմբի նախագահ Շահեն Միրաքյանը:
«Ինչպես մինչև հիմա բազմիցս պարզ է դարձել, Ադրբեջանի իշխանությունները նման զենքն օգտագործում են ոչ միայն Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության խաղաղությանն ու անվտանգությանը սպառնալու համար, այլև երկրի ներսում այլախոհությունը հետապնդելու նպատակով»,- ասել է Միրաքյանը:
Նա հավելել է, որ թույլ տալով ռազմական ապրանքների արտահանումն Ադրբեջան՝ Կանադան նպաստում է Ադրբեջանի և Հայաստանի ու Արցախի Հանրապետության միջև ռազմական գործողություններին, իսկ նման որոշումները հակասում են ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցային գործընթացին և հակամարտության խաղաղ կարգավորմանը Կանադայի հանձնառությանը: