ՀՀ ՊՆ-ն հերքում է ադրբեջանական բնակավայրերը գնդակոծելու մասին Բաքվի հայտարարությունը
ՀՀ Պաշտպանության նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ, որով պաշտոնապես հերքել է Ադրբեջանի տարածած լուրերը հայկական զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի խախտման և ադրբեջանական բնակավայրերը գնդակոծելու մասին:
Հաղորդագրությունում մասնավորապես ասվում է.
«Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կտրականապես հերքում է Ադրբեջանի պաշտպանության և արտաքին գործերի նախարարությունների համատեղ հայտարարությունը, ըստ որի, իբր այսօր, ողջ օրվա ընթացքում, Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները գնդակոծել են ադրբեջանական մարտական դիրքերը, ինչպես նաև խաղաղ բնակավայրերը։
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ Հայաստանի զինված ուժերը սահմանի ողջ երկայնքով որևէ գործողություն չեն իրականացրել և նույնիսկ մեկ կրակոց չեն արձակել։ Ավելին. ի տարբերություն Ադրբեջանի նման մշտական գործելաոճի, Հայաստանի Հանրապետության զինված ուժերը երբեք և որևէ պարագայում նշանառության տակ չեն վերցնում խաղաղ բնակավայրերը, և պնդումները դրանք գնդակոծելու վերաբերյալ պարզունակ ապատեղեկատվություն են, կամ՝ ադրբեջանական կողմի ապագա սադրանքների համար տեղեկատվական նախապատրաստության փորձ։
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությանը նախազգուշացնում է, որ որևիցե սադրանքի պարագայում հայկական կողմը դիմելու է պատասխան կոշտ գործողությունների և կոչ է անում զերծ մնալ նոր արկածախնդրություններից, որոնք կարող են անկանխատեսելի հետևանքներ ունենալ ողջ տարածաշրջանի համար։
Սին մեղադրանքների գործելաոճից խուսափելու լավագույն տարբերակը 1994-1995թթ. թվականի զինադադարի համաձայնագրերի անվերապահ կատարումն է, Նախագահների մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների՝ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայցուցչի թիմի կարողությունների ավելացումն ու միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրումը»։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանցիների գնդակոծությունից Չինարին նյութական մեծ վնասներ է կրել
- Հակառակորդը կրակել է Բարեկամավանի ուղղությամբ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան