Իսրայելը միշտ պատրաստ է զենք վաճառել ցանկացած պետության, այդ թվում՝ նաև մեզ. Շավարշ Քոչարյան
ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն այսօր գործադիրի նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Իսրայելի տարածաշրջանային համագործակցության նախարար Ցախի Հանեգբիի Հայաստան այցին՝ նշեց, որ ստորագրվել են համապատասխան համաձայնագրեր, երեկ նշվել է ոչ միայն դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը, այլ նաև Իսրայելի ազգային տոնը, եղել են բավականին մեծ թվով պաշտոնատար անձինք:
«Հայաստանի և Իսրայելի ժողովուրդների մեջ շատ կան ընդհանրություններ, իհարկե կան նաև կնճռոտ ծալքեր, և շատ կարևոր է, որ լինի երկխոսություն, որ պետությունները միմյանցից մեկուսացված չլինեն և այդ ուղղությամբ քայլեր են կատարվում»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է Իրանի արձագանքին, ապա արտաքին գործերի նախարարի տեղակալն ասաց. «Մենք միշտ ելնում ենք մեր շահերից, երբ կառուցում ենք մեր հարաբերությունները»:
Անդրադառնալով Իսրայելի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու հարցին, Շավարշ Քոչարյանն ասաց, որ Իսրայելի դիրքորոշումը շատ պարզ է և հրապարակային հնչել է. «Իսրայելը միշտ պատրաստ է զենք վաճառել ցանկացած պետության, այդ թվում՝ նաև մեզ: Դա արդեն կախված է գնային առաջարկություններից և այլ հարցերից»:
Հարակից հրապարակումներ`
- Վարչապետը կարևորել է Իսրայելի հետ փորձի փոխանակումը և ներդրումային ծրագրերի իրականացումը
- Հայաստանը և Իսրայելը ստորագրել են կրկնակի հարկումը բացառելու մասին կոնվենցիան
- Պաշտոնական այցով Հայաստան է այցելելու Իսրայելի Պետության տարածաշրջանային համագործակցության նախարարը