Օտարերկրացի կամավորներին հիացրել է Հայաստանի պատմամշակութային հարուստ ժառանգությունը
«Երբեք չէի կարող պատկերացնել, որ յուրաքանչյուր քարն իր առանձին բացատրությունը կունենա, ճարտարապետական կառույցները տպավորիչ էին և այս հիասքանչ վայրն իրոք արժեր տեսնել», -Մոմիկի թանգարանի գրառումների մատյանում նշել է օտարերկրացի կամավոր 18-ամյա Պուի Յի Ցսանը:
Նա ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Պատրիմոնիտո 2017» ծրագրի շրջանակում Հայաստանում է գտնվում օտարերկրացի այլ կամավորների հետ: Նրանք «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենության հրավերով հուլիսի 25-ին Վայոց ձորի մարզում են եղել:
ՊՈԱԿ-ից հայտնում են, որ Հայաստանի պատմամշակութային հարուստ ժառանգությունը տպավորել էր հյուրերին: Նորավանքի վանական համալրիրի տարածքում ու Մոմիկի թանգարանում նրանց համար էքսկուրսիա է անցկացվել: Երիտասարդներին ներկայացվել է Մոմիկ ճարտարապետի, գործունեությունը, թողած ժառանգությունը:
«Հայաստանի ուսանողական ջոկատներ» (ՀՈՒՋ) կազմակերպության միջոցով Կորեայից, Հոնկոնգից, Իսպանիայից, Ֆրանսիայից, Լեհաստանից ու այլ երկրներից առաջին անգամ Հայաստանում հյուրընկալված երիտասարդները էքսկուրսիայի ավարտին իրենց տպավորություններով կիսվել են թանգարանի գրառումների մատյանում:
Ֆրանսիացի Սիմոն Գոտյեն մինչ այստեղ գալը Հայաստանի մասին պատմող գիրք էր գնել ու մանրակրկիտ ուսումնասիրել: Անցնող օրերին նա գրքի էջերից առանձնացրել էր իրեն հետաքրքրող տեսարժան վայրերը, որտեղ հասցրել էր լինել` Սևանավանք, Հայաստանի Ազգային պատկերասրահ, Գառնի, Հայաստանի Պատմության թանգարան: Ֆրանսիացի կամավորը մտադիր է Հայաստան գալ նաև տարվա այլ եղանակի, երազում է լինել Ամբերդում ու Աղձքում:
Ձմռանը նախատեսում է Հայաստան այցելել նաև իսպանացի Ալբա Սոնեյրան:
«Ուզում եմ ձյան շերտով պատված Արարատը տեսնել ու հիանալ այդ գեղեցկությամբ: Նորավանքի ժայռերն էլ այնքան մեծ էին, որ դրանցով շրջապատված ինձ շատ փոքր էի զգում»,-ասել է նա՝ հավելելով, հայկական ու իսպանական մշակույթների մեջ ներդաշնակ նմանություն կա:
Լատիվիացի Ագնեսա Թիմբարեան փորձել է հայերենի իմացությամբ զարմացնել:
«Բարև, ոնց ես, ես հայերեն եմ սովորում, շատ սիրեցի Հայաստանը», -լատվիական շեշտադրումով ասել է հայերեն խոսող կամավոր լատիվիացի Ագնեսա Թիմբարեան: