Սթրիթ արթի միջոցով գեղեցկացնում են Հայաստանի համայնքների զբոսաշրջային վայրերը
Արենի, Կուրթան, Աղձք, Հաղարծին, Խնձորեսկ, Ուրցաձոր համայնքների զբոսաշրջային վայրերում այսուհետև զբոսաշրջիկներին կդիմավորեն պատկերազարդ նկարները։ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայության հաղորդմամբ, դրանք արվել են համայնքների երիտասարդների ջանքերով «Եղվարդ» երիտասարդական-բնապահպանական հասարակական կազմակերպության «Քայլ առ քայլ դեպի գունեղ ապագա» խորագրով ծրագրի շրջանակներում։
Նախաձեռնությունը կյանքի է կոչվել ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից ՀԿ-ներին հատկացվող դրամաշնորհի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում։
Ծրագրի համակարգող Ռուզաննա Մանյան նշում է, որ իրենց նախաձեռնության նպատակն է սթրիթ արթի կիրառման միջոցով գեղեցկացնել համայնքները՝ այդպիսով խթանելով զբոսաշրջության զարգացմանը գյուղական բնակավայրերում։
Ծրագրի շրջանակներում նախ հանդիպումներ են կազմակերպվել տեղի երիտասարդների հետ։ Փորձագետ, նկարիչ Մարիամ Մուղդուսյանը խոսել է սթրիթ արթի մասին՝ այն ներկայացնելով նաև որպես այլընտրանքային գործիք տուրիստական, մասնավորապես, էկոտուրիստական կենտրոնների բարեկարգման, գեղագիտական տեսքի ապահովման համար։ Տեսական գիտելիքներից հետո երիտասարդներն անցել են գործնական աշխատանքի և նկարազարդել ընտրված պատերը, որոնք էկոտուրիստական կետի ճանապարհին են կամ մուտքի մոտ։
Տարբեր համայնքներում տարբեր պատկերներ են ստացել։ Աղձքում պատկերվել է սեր սփռող կին, Ուրցաձորում ներկայացված է նոր, գունավոր աշխարհը բացահայտող երիտասարդ, Հաղարծնի մուտքին նկարված է աղջկա գեղեցիկ թռիչքը և այլն։
Ծրագրի ամփոփիչ փուլում պատրաստվում են բացիկներ (postcard)՝ համայնքների անուններով և կատարված նկարազարդումներով։ Բացիկները՝ յուրահատուկ այդ այցեքարտերը, կտրամադրվեն մասնակից համայնքների պետական և ոչ պետական կառույցներին։ Բացիկների տարածումը կնպաստի գյուղական համայնքներում էկոտուրիզմի զարգացմանը՝ զբոսաշրջիկներ գրավելու տեսանկյունից: