«Հայկ» կինոստուդիան կմիավորվի Ազգային կինոկենտրոնին
Հայաստանում կինոյի զարգացման նոր մտածելակերպ, նոր հայեցակարգ ու նոր պատասխանատուներ. սա է այն քաղաքականության հիմքը, որը կինոյի ոլորտում որդեգրում է ՀՀ մշակույթի նախարարությունը: Նախարարության հաղորդմամբ, այս քաղաքականության պաշտոնական մեկնարկն այսօր հրավիրած ասուլիսում տվել են նախարար Արմեն Ամիրյանը, Ազգային կինոկենտրոնի նորանշանակ ժամանակավոր պաշտոնակատար Շուշանիկ Միրզախանյանը և Կինոկենտրոնի նորանշանակ գեղարվեստական ղեկավար-ֆիլմ հանձնակատար Արսեն Բաղդասարյանը։
Այդ քաղաքականությունը, ինչպես ձևակերպել է Արմեն Ամիրյանը, նշանակում է՝ արդար, բաց և թափանցիկ աշխատանք, արդյունավետ կառավարում, որը հայկական կինոն և Հայաստանը կինոարտադրության համար կդարձնի բավական հրապուրիչ գործ թե′ ստեղծագործողների, և թե′ հատկապես ներդրողների համար ( այդ թվում՝ արտասահմանից)։
Այս ամենն իրականացնելու համար մշակվող նոր հայեցակարգը վերջնական տեսք կստանա ոլորտի մասնագետների, ապա նաև հանրային քննարկումներից հետո։
Նոր մոտեցումներն ու կինոարտադրության համար բարենպաստ պայմաններն ամրագրող՝ Կինոյի մասին օրենքի նախագիծը ևս կքննարկվի ոլորտի մասնագետների, հանրության հետ. օրենքն ընդունված պետք է լինի մինչև այս տարվա վերջը։
Հիմնվելու է կինոյի հանձնակատարի ինստիտուտը, որով Հայաստանը կապվելու է աշխարհի մյուս երկրների նույնանման ինստիտուտների հետ՝ կինոարտադրության իր տեխնիկական, մասնագիտական, մարքեթինգային չափանիշները համապատասխանեցնելով համաշխարհային պահանջվող մակարդակին։
Ստեղծվելու է կինոարտադրության դիստրիբյուտորական ցանց ( նաև՝ նոր կինոթատրոններ), ինչի շնորհիվ հայկական ֆիլմերը ոչ միայն «աշխարհ դուրս կգան», այլև երկրի ներսում սպառումն ընդլայնելու հնարավորություն կունենան, իսկ ավելի մեծ սպառում ենթադրողն իր ֆիլմն արտադրելիս ավելի մեծ գումար կծախսի, ինչը կխթանի որակը։
«Այս քաղաքականության արդյունքում ակնկալում ենք, որ մենք այնպիսի ֆիլմեր կարտադրենք, որոնք մի կողմից՝ մրցունակ կլինեն միջազգային ամենահեղինակավոր փառատոներում, մյուս կողմից՝ կարող են վաճառվել և լավ եկամուտներ բերել... Իսկ եկամուտները կուղղվեն դարձյալ կինոարտադրությանը»,- ասել Արմեն Ամիրյանը։
Կառուցվածքային փոփոխությունների համատեքստում փաստավավերագրական ֆիլմերի «Հայկ» կինոստուդիան կմիավորվի Ազգային կինոկենտրոնին։
Հարակից հրապարակումներ`
- Գևորգ Գևորգյանն ազատվել է պաշտոնից
- «Կինոյի մասին» օրենքի նախագիծն առաջիկայում կներկայացվի Ազգային ժողով
- Գևորգ Գևորգյան. Հայաստանում այսօր կինոն կոմերցիա չէ
- Օտարերկրյա կինոարտադրողների համար կարևոր է, որ երկիրն ունենա «Կինոյի մասին» օրենք. Գևորգ Գևորգյան
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում