50 տարի ընդմիջումից հետո ցուցադրվելու է «Երազողները» ֆիլմը
Հայաստանի հանրային հեռուստաընկերությունն իր հեռուստադիտողների համար անակնկալ է պատրաստել: Հանրային հեռուստաընկերության հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ գրեթե 50 տարի ընդմիջումից հետո հուլիսի 30-ին՝ ժամը 20:30-ին, «Երազողները» երաժշտական կինոնկարն առաջին անգամ կցուցադրվի Առաջինի եթերում:
Ֆիլմը նկարահանվել է հեռավոր 1969 թ-ին «Երևան» հեռուստաֆիլմերի ստուդիայի կողմից ու ցուցադրվել ընդամենը մեկ անգամ «Արվեստի աշխատողների տանը», այնուհետ՝ արգելվել: Այն պատմում է «Երազողները» ռոք-խմբի մասին, որի կազմում էին Պոլիտեխնիկի՝ աշխարհահռչակ “Beatles” խմբից ոգեշնչված ուսանողներ Հրայր Կոտոյանը, Զավեն Սարգսյանը, Հակոբ Պետրոսյանը, Երվանդ Երզնկյանը, Սլավա Բունիաթյանը (վերջինիս որոշ ժամանակ անց փոխարինել է Արմեն Զաքարյանը):
Ֆիլմի ռեժիսորն է ՀԽՍՀ կինեմատոգրաֆիստների միության անդամ, սցենարիստ Անատոլի Մոկացյանը։
Այսօր՝ կես դար անց, Հանրայինի թիմը հայտնաբերել է ֆիլմն իր արխիվում, վերականգնել ու թվայնացրել, ինչի արդյունքում այն հնարավոր է դարձել ներկայացնել հանրությանը: