Դատավորը սպառնում է փաստաբաններին 304-րդ հոդվածի 2-րդ մասով
Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց Ժիրայր Սեֆիլյանի, Գևորգ Սաֆարյանի և մյուսների գործով դատական նիստը:
Նախագահող դատավոր Տաթևիկ Գրիգորյանը հայտատարեց, որ փաստաբաններից Արա Զաքարյանը տեղեկացրել է, որ այսօր Լոռի մարզի ընդհանուր իրավասության դատարանում պետք է մասնակցի նիստին, խնդրել է այս նիստը նշանակել այլ օր:
Դատավորը նաև տեղեկացրեց, որ դատարանին է ներկայացվել զննության վերաբերյալ արձանագրություն, որի համաձայն փաստաբան Նինա Կարապետյանցը դատական կարգադրիչի օրինական պահանջը չի կատարել: Տ. Գրիգորյանն ասաց, որ դատարանը ստացել է նաև Նինա Կարապետյանցի կողմից առարկություն, ըստ որի՝ «անցել եմ զննություն, որը վերածվել է խուզարկության, հրաժարվել եմ ենթարկվել խուզարկության, ինչի արդյունքում թույլ չեն տվել մտնել դատական նիստերի դահլիճ՝ իրականացնելու իմ մասնագիտական պարտականությունները»:
Դատավորը հայտարարեց, որ նախապես տեղեկացրել են, որ ամեն ուրբաթ օր այս գործով նշանակված է դատական նիստ, պաշտպաններին առաջարկվել է ուրբաթ օրերին աշխատանքային ծանրաբեռնվածություն ունենալու պարագայում տեղեկացնել համապատասխան դատարաններին:
«Դատարանն ընդգծում է, որ ամբաստանյալներին տրված է լիարժեք և իրական հնարավորություն իրենց կողմից ընտրված պաշտպանների միջոցով իրենց պաշտպանության իրավունքն իրացնելու համար: Սակայն ամբաստանյալների մի մասի կողմից ընտրված պաշտպանների կողմից դրսևորվում են այնպիսի գործողություններ, որոնք ուղղված են բացառապես դատական նիստերը խափանելուն:
Դատարանը հորդորում է պաշտպաններին կատարել այնպիսի գործողություններ, որոնք ուղղված կլինեն ոչ թե դատական նիստերը խափանելուն, այլ ուղղված կլինեն իրենց վստահորդների արդյունավետ պաշտպանությունն իրականացնելուն»,- ասաց Տաթևիկ Գրիգորյանը:
Դատավոր նաև նշեց, որ դատական նիստերին չմասնակցելու պարագայում փաստաբանների գործողությունները հանգեցնելու են Քրեական դատավարության օրենսգրքի 304-րդ հոդվածի 2-րդ մասի տիրույթում գնահատելուն, համապատասխան իրավական մեխանիզմների գործադրմամբ՝ դատարանի կողմից համապատասխան հանրային պաշտպան նշանակելու մասին որոշման կայացմանը:
«Մինչդեռ դատարանի կողմից ձեռնարվում են բոլոր հնարավոր միջոցներն ամբաստանյալների կողմից ընտրված պաշտպանների մասնակցությունը դատական նիստում ապահովելու համար»,- հայտարարեց նախագահող դատավորը:
Նա նաև ասաց, որ նկատի ունենալով, որ փաստաբան Նինա Կարապետյանցն, ըստ էության, հրաժարվել է զննության ենթարկվել ու ներկայանալ նիստին, դատարանը հեռանում է խորհրդակցական սենյակ՝ փաստաբանի վարքագծի վերաբերյալ համապատասխան որոշում կայացնելու:
Խորհրդակցական սենյակից վերադառնելուց հետո դատավորն ասաց, որ փաստաբանի նկատմամբ կիրառվում է դատական սանկցիա:
Դատական նիստը հետաձգեց: Հաջորդ նիստը կկայանա օգոստոսի 4-ին:
Հարակից հրապարակումներ`
- «Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով» այսօրվա դատական նիստը հետաձգվեց
- «Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով» դատական նիստին պաշտպանները լքեցին նիստերի դահլիճը
- Ձեր պաշտպաններին պահեք ձեզ. Ժիրայր Սեֆիլյան
- «Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով» դատական նիստը սկսվեց փաստաբանի նկատմամբ սանկցիայի կիրառմամբ
- Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով փաստաբանների նկատմամբ դատական սանկցիա կիրառվեց
- Ժիրայր Սեֆիլյանն ու Ներսես Պողոսյանը ոտքի չկանգնեցին
- Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործերով դատական առաջին նիստը տևեց մի քանի րոպե
- Ժիրայր Սեֆիլյանի և նրա հանցակիցների վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է դատարան
- ՄԻՊ աշխատակիցներն այցելել են Վարուժան Ավետիսյանին, Ժիրայր Սեֆիլյանին և Մարտիրոս Հակոբյանին
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան