«Պարծենում էի, որ Այվազովսկու հետնորդն եմ, սակայն խորապես չէի գիտակցում, թե ինչ է նշանակում լինել նման մարդու ազգականը»
Մոսկվայի հայկական եկեղեցու առաջնորդարանում Տ. Եզրաս արք.Ներսիսյանն ընդունել է աշխարհահռչակ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու հետնորդներին, ովքեր ապրում են Ավստրալիայում և ՌԴ են ժամանել մեծանուն նկարչի ծննդյան 200-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով:
armchurch.info-ն, հղում անելով Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի մամլո դիվանին, գրում է, որ Սրբազան հայրը հյուրերին ուղեկցել է Սուրբ Պայծառակերպություն Մայր տաճար, որտեղ մոմ են վառել և ծանոթացել Հայ Եկեղեցու պատմությանը: Եզրաս Սրբազանը ցույց է տվել իր աշխատասենյակում պահվող Հ.Այվազովսկու բնանկարը` նշելով, որ աշխարհահռչակ ծովանկարիչը եղել է մեծ հայասեր և հայկական թեմաներով բազում կտավներ ունի:
«Իմ ծնողներն ասում էին, որ մենք Այվազովսկու հետնորդներն ենք, ես, անշուշտ, պարծենում էի այդ փաստով, սակայն խորապես չէի գիտակցում, թե ինչ է նշանակում լինել նման մարդու ազգականը: Միայն վերջին տարիներին եմ սկսել իմ արմատներով հետաքրքրվել: Հայկական մշակույթի և ընդհանրապես հայերի հետ առաջին անգամ եմ շփվում: Դա եղավ այստեղ` Մոսկվայի հայկական եկեղեցում: Ես շատ ուրախ եմ, որ բացահայտում եմ մի աշխարհ, որի հետ կապված եմ գենետիկորեն, և որի շնորհիվ պիտի դառնամ իմ արմատները»,- հանդիպման ժամանակ իր տպավորություններով կիսվեց Անդրեյ Միլլերը:
Հուլիսի 28- 30-ը Թեոդոսիայում սկսվում են մեծ ծովանկարչի ծննդյան 200-ամյակին նվիրված տոնակատարությունները, որոնց Ղրիմի հանրապաետության նախագահ Սերգեյ Ակսյոնովի հրավերով մասնակցելու է նաև Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի Առաջնորդ Տ.Եզրաս արք.Ներսիսյանը:
Հիշեցնենք, որ 2017 թ. ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հիշարժան տարեթվերի շարքում ընդգրված է Հովհաննես Այվազովսկու հոբելյանը (200-ամյակ):
Հայաստանի Ազգային պատկերասրահը ծովանկարչի 200-ամյակի առիթով այս տարվա սեպտեմբերին կազմակերպելու է ցուցահանդես և գիտաժողով: Ցուցահանդեսի շրջանակում Հայաստան է բերվելու Հովհաննես Այվազովսկու հայտնի «Քաոս» աշխատանքը, որը պահվում է Վենետիկի Մխիթարյան Միաբանությունում:
Հովհաննես Այվազովսկին ծնվել է 1817 թվականին Ղրիմում՝ Թեոդոսիա քաղաքում, աղքատ հայ ընտանիքում։ Իր ընտանիքի ազգանունն Այվազյան էր։ Նկարչի նկարներից մի քանիսը կրում են այս ստորագրությունը՝ «Հովհաննես Այվազյան»: Այվազովսկու նախնիները Գալիցիայի հայերից էին, ովքեր XVII–րդ դարում Գալիցիա էին գաղթել Արևմտյան Հայաստանից։ Նրա՝ որպես նկարչի տաղանդը, իր համար ճանապարհ է բացել դեպի Սիմֆերոպոլ քաղաքի գիմնազիա, իսկ հետագայում՝ դեպի Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա, որը Հովհաննես Այվազովսկին ավարտեց ոսկե մեդալով։
Ստեղծել է 6000-ից ավելի կտավ, հիմնականում ծովանկարներ: Նա չի անտեսել նաև հայրենի բնաշխարհը, հայկական թեմատիկան: Աշխատել է շատ արագ, տեսողական վիթխարի հիշողությամբ։ Իր հաջողակ ստեղծագործական գործունեության ընթացքում վաստակած զգալի գումարներով Այվազովսկին բացել է արվեստի դպրոց և պատկերասրահ իր հարազատ Թեոդոսիա քաղաքում։
Հ.Այվազովսկին վախճանվել է 1900 թվականին։ Այվազովսկին թաղված է Թեոդոսիայում՝ հայոց միջնադարյան Սուրբ Սարգիս եկեղեցու բակում։ 1903 թ.նկարչի այրին մարմարե շիրմաքար է տեղադրել, որը իտալացի քանդակագործ Լ.Բիոջոլիի աշխատանքն է։ Շիրմաքարին գրաբար փորագրված են պատմահայր Մովսես Խորենացուխոսքերը. «Մահկանացու ծնեալ անմահ զիւրն յիշատակ եթող»։
Այվազովսկու գործերը աճուրդով վաճառվել են մինչև $2 միլիոն 125 հազար ամերիկյան դոլարով։
Հարակից հրապարակումներ`
- Այվազովսկու ժառանգներն առաջին անգամ ծանոթացել են նկարչի բնօրինակ աշխատանքներին
- «Այվազովսկին և ծովանկարիչները». ցուցահանդես Բելառուսում
- Ռուսաստանում Հովհաննես Այվազովսկու 200-ամյակին նվիրված հուշադրամ է թողարկվել
- Պետերբուրգի Կենտրոնական ռազմածովային թանգարանում առաջին անգամ ներկայացվելու է Այվազովսկու 14 աշխատանք
- Սեպտեմբերին Այվազովսկու 200-ամյակի առիթով սպասվում է մեծ իրադարձություն. Ազգային պատկերասրահի տնօրեն
- Այվազովսկու մոսկովյան ցուցահանդեսը հայտնվել է 2016-ին աշխարհի ամենաշատ հաճախելիություն ունեցող ցուցադրությունների տասնյակում
- Այվազովսկու և ևս երկու ցուցահանդես ռուսական թանգարաններին բերել է 1 միլիարդ ռուբլի եկամուտ
- Այվազովսկու 200-ամյակին նվիրված ցուցահանդեսի շրջանակում հնարավոր է Հայաստան բերվի «Քաոս» կտավը
- Տրետյակովյան պատկերասրահում ցուցահանդեսի ավարտից հետո Այվազովսկու կտավները վերադարձվել են ՀԱՊ
- Այվազովսկու ցուցահանդեսն այցելուների թվով գերազանցել է Սերովի ցուցահանդեսի ռեկորդը
- Այվազովսկին դարձել է Լոնդոնում «ռուսական» վաճառքի «հաղթողը»
- Հայկական կերպարվեստում բնանկարի ժանրի հիմնադիր՝ Հովհաննես Այվազովսկի (լուսանկարներ)
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան