«Եթե նոր հարձակում լինի, մենք ընդլայնելու ենք գոյություն ունեցող անվտանգության գոտին». Լևոն Մնացականյան
Եթե նոր հարձակում լինի, մենք անցնելու ենք հակահարձակողական գործողությունների և ընդլայնելու ենք այսօրվա մեր գոյություն ունեցող անվտանգության գոտին: Այս մասին Հանրային հեռուստաընկերության «Օրակարգից դուրս» հաղորդման շրջանակներում հայտարարել է Արցախի պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը:
«Եթե նոր հարձակում լինի, այդ հարձակման ընթացքում ջախջախիչ հարված հասցնելով հակառակորդին, իհարկե, մենք անցնելու ենք հակահարձակողական գործողությունների: Եվ այդ հակահարձակողական գործողությունների ընթացքում մենք ընդլայնելու ենք այսօրվա մեր գոյություն ունեցող անվտանգության գոտու լայնությունը և անվտանգության գոտու խորությունը, միանշանակ, 2016թ ապրիլյան գործողությունների այդ սահմանափակ հենակետերը, որ անցել են իրենց հսկողության տակ, միանշանակ վերականգնվելու են»,-ասել է Լևոն Մնացականյանը:
Անդրադառնալով սեփական քաղաքացիական բնակչությանը որպես կենդանի վահան օգտագործելու ադրբեջանական կողմի գործելաոճին և հուլիսի 4-ի միջադեպին՝ Լևոն Մնացականյանը նշել է, որ հայկական կողմը ցավում է քաղաքացիական անձանց զոհվելու կապակցությամբ, սակայն մեղավորությունը Ադրբեջանի իշխանություններինն է:
«Ես հիմա էլ խորհուրդ կտայի քաղաքացիական անձնակազմը որպես կենդանի վահան չընդունեն իրենց համար, այլ նման կրակակետերը հեռացնեն բնակավայրերից, որովհետև միևնույն է, անկախ նրանից, թե որտեղ է տեղաբաշխված կրակակետը, եթե կրակ վարվի մեր առաջապահ ստորաբաժանումների վրա, իհարկե, պատասխան լինելու է: Իսկ այդ միջադեպը, որ տեղի է ունեցել, գոյություն ունի ցրման հավանականություն՝ լինում են շեղումներ, որ, իհարկե, կրակողից կախված չէ, իսկ որոշ դեպքերում լինում են նաև սահմանված քանակներից, ավելի շատ շեղումներ»,- ասել է Մնացականյանը:
Խոսելով հակառակորդի կողմից դիվերսիոն փորձեր ձեռնարկելու և դրանք կանխելու հայկական կողմի գործողությունների մասին՝ նախարարն ասել է. «Միանշանակ կարող ենք փաստել, որ դիվերսիոն հետախուզական խմբերի ներթափանցման փորձեր այլևս չկան: Այլևս չկան ոչ թե որ իրենք ի վիճակի չեն, չեն կարող, այլևս չկան, որովհետև մենք չենք թույլ տալիս իրենց դրանք իրականացնելու: Ամբողջ սահմանային գծի երկայնքով մենք վերահսկողություն ենք իրականացնում՝ այդ թվում նաև գիշերային պայմաններում: Նման վերջին փորձը իրենք ձեռնարկել են այս տարվա փետրվարի 24-ի լույս 25-ի գիշերը և մենք տեղյակ ենք արդյունքի մասին: Ունեին 6 զոհ, որից 5-ը թողել էին դաշտում և մեկը ծանր վիրավորվել էր, որից հետո հոսպիտալում մահացել: Դրանից հետո ընդհանրապես բացառվել է դիվերսիոն հետախուզական խմբերի ներթափանցման փորձերը»,- ասել է նախարարը:
Անդրադառնալով ապրիլյան Քառօրյա պատերազմից հետո շրջանառվող լուրերին, թե մարտական գործողությունների ընթացքում ոչնչացվել է ադրբեջանական, այպես կոչված էլիտար «052 Յաշմա» հատուկ նշանակության բրիգադը, Արցախի պաշտպանության նախարարը նշել է.
«Իրենց դիակները, որ փոխանակել ենք, եղել է փաստաթուղթ, որտեղ նշված է եղել «Յաշմա»-ի 052 բրիգադայի 71 կամ 72-րդ խումբը: Դա ենթադրում է, որ «Յաշմա» բրիգադայի 1000-րդ զինծառայողը գտնվել է մարտական գործողությունների շրջանում և ոչնչացվել է: Այսինքն՝ բրիգադան լրիվ կազմով ըննդգրկված է եղել հյուսիսային ուղղությունում մարտական գործողություններին: Չնայած իրենք հայտարարում են, որ չեն հարձակվել, չեն նախապատրաստվել, դա ամենևին էլ իրականությանը չի համապատասխանում: Ըստ մեր տեղեկությունների, ունեն մոտավորապես 400-ից ավել զոհ միայն այդ բրիգադայում: Այսօր իրենք իրականացնում են իհարկե վերականգնողական աշխատանքներ՝ ուսումնասիրություններ զորամասերում, միավորումներում, պայմանագրային զինծառայողներից ընտրում են հատուկ ջոկատայիններ, աշխատում են, որպեսզի վերականգնեն, բայց չեմ կարծում, որ նման կորուստներից հետո մոտ երկու տարվա ընթացքում կարող են իրենք ուշքի գալ: Կարող են համալրել, բայց արդյո՞ք ի վիճակի կլինեն լուրջ խնդիրներ լուծելու»:
Խոսելով դիպուկահարների կրակոցներից առաջնագծում արձանագրվող դժբախտ դեպքերի մասին՝ Մնացականյանը նշել է, որ կարևոր է հետևել առաջնագծում անվտանգության կանոնների խիստ պահպանմանը, քանի որ շատ անգամներ դժբախտ դեպքերը լինում են հենց այդ կանոնների խախտման արդյունքում: Նախարարի խոսքով, այդ ուղղությամբ ևս հսկայական աշխատանքներ են իրականացվում՝ նվազեցնելու դիպուկահարներից խոցման դեպքերը:
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան