Հայկական ֆիլմերի շաբաթ՝ Իրանի քաղաքներում
Հուլիսի 23-29-ին Իրանի երեք խոշոր քաղաքներում՝ Թեհրանում, Շիրազում, Մաշհադում, անցկացվել է հայկական ֆիլմերի առաջին շաբաթը, որը նախաձեռնվել և կազմակերպվել էր Իրանում ՀՀ դեսպանության կողմից:
ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ, ՀՀ մշակույթի նախարարության կողմից ներկայացված մի քանի տասնյակ ֆիլմերից ընտրվել էին Արամ Շահբազյանի, Արեն Վաթյանի, Վիգեն Չալդրանյանի, Միքայել Պողոսյանի և այլ հայ կինոռեժիսորների թվով 10 ֆիլմ, որոնց ցուցադրումը կազմակերպվել էր իրանական «Արվեստ և փորձառություն» մշակութային կազմակերպության կողմից:
Ցուցադրումների ընթացքում հայ և իրանցի կինոգործիչների և փորձագետների մասնակցությամբ անցկացվել են քննարկումներ՝ նվիրված հայկական կինոյի պատմությանը, կինոարտադրությանը, կինոյի զարգացման ժամանակակից միտումներին:
ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը, Հայաստան-Իրան մշակութային համագործակցության համատեքստում բարձր գնահատելով հայկական ֆիլմերի շաբաթվա նշանակությունը, ընդգծել է նմանօրինակ միջոցառումներն պարբերական դարձնելու հայկական կողմի հանձնառությունը: Հայկական ֆիլմերի շաբաթվա արդյունքների ամփոփման ժամանակ դեսպան Թումանյանը նշել է. «Հայ մշակույթը և Հայաստանը Իրանում պատշաճորեն ներկայացնելը մեր գլխավոր նպատակն է, և այդ առումով այս միջոցառումը կարևոր քայլ էր»: