Ուկրաինացի սահմանապահները խոստացել են չթողնել Սաակաշվիլուն երկրի տարածք
Ուկրաինայի պետական սահմանային ծառայությունը մտադիր չէ թողնել Օդեսայի նախկին նահանգապետ և Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլուն երկրի տարածք: Լենտա.ռու-ի հաղորդմամբ, այս մասին հայտարարել է պետական սահմանային ծառայության նախագահի օգնական Օլեգ Սլոբոդյանը:
«Գործելու ենք օրենքի շրջանակներում: Եթե անտեսենք ազգանունը, ապա քաղաքացին, ում ձեռքում կա անվավեր անձնագիր, հնարավորություն չունի հատել Ուկրաինայի սահմանը: Եթե մարդը զրկվում է քաղաքացիությունից, նրա անձնագիրը ճանաչվում է անվավեր»,- նշել է նա:
Պաշտոնյան հավելել է, որ իրենց ծառայությունն իրավասու չէ կալանավորել նման անձանց. «Իրավաբանորեն դա իրականացնում է Ազգային ոստիկանության ստորաբաժանումը»:
Սաակաշվիլին հուլիսի 27-ին հայտարարել էր, որ պայքարելու է Ուկրաինա վերադառնալու իր օրինական իրավունքների համար:
Հիշեցնենք, որ Սաակաշվիլին լքել էր Վրաստանի 2013 թվականին երկրում նոր նախագահի ընտրվելուց հետո: Վրաստանի դատախազությունը նրա նկատմամբ մի քանի քրեական գործ էր հարուցել: 2015 թվականին Ուկրաինայի նախագահ Պորոշենկոն նրան տրամադրել էր Ուկրաինայի քաղաքացիություն, նշանակել Օսեդայի նահանգապետ: 2016 թ. նոյեմբերին Սաակաշվիլին հրաժարական էր տվել նահանգապետի պաշտոնից՝ հայտարարելով, որ ուկրաինական իշխանությունները չեն ցանկանում պայքարել կոռուպցիայի դեմ:
Ուկրաինայի նախագահ Պ. Պորոշենկոյի այս տարվա հուլիսի 26-ին հրամանագրով Սաակաշվիլին զրկվել է Ուկրաինայի քաղաքացիությունից: Որպես պատճառ միգրացիոն ծառայությունից նշել են այն ստանալու ժամանակ կեղծ տվյալներ տրամադրելը. Վրաստանի նախկին նախագահը գրել էր, որ ոչ Ուկրաինայում, ոչ դրա սահմաններից դուրս հետախուզման մեջ չէ, չնայած հայտնի է, որ նա հեռակա կարգով Վրաստանում ձերբակալվել է:
Հարակից հրապարակումներ`
- Սաակաշվիլին հնարավոր է ստանա Լիտվայի քաղաքացիություն
- Կիևի կենտրոնում ի պաշտպանություն Սաակաշվիլիի ցույց է տեղի ունենում
- Սաակաշվիլին հայտարարել է՝ հասնելու է Ուկրաինա վերադառնալուն
- Ռադայում հայտնել են Սաակաշվիլուն Ուկրաինայի քաղաքացիությունից զրկելու մասին
- Սաակաշվիլիի կուսակցությունը Թբիլիսիի քաղաքապետի պաշտոնում առաջադրել է հաղորդավարի թեկնածությունը
- Ուկրաինայի կառավարությունն ընդունել է Սաակաշվիլիի հրաժարականը