Սթրիթ ա՞րտ, թե՞ նկարազարդում
Այսօրվա Գրաֆիտին, կամ, ինչպես այժմյան մշակույթում ընդունված է ասել փողոցային պատերին արված պատկերները, սթրիտ արտը, 1960-ական թվականներին ստեղծվել է ԱՄՆ-ում: Սթրիթ արտը հաճախ անվանել են վանդալիստական ակտ, քանի-որ այդ կերպ արտահայտելով իրենց մտքերը՝ նկարիչները նաև խախտել են շինության ընդհանուր տեսքը։ Սակայն իր զարգացման ընթացքում ստանալով նոր որակ և երիտասարդության կողմից այլ տեսակետից նայվելով՝ դարձել է տեխնիկապես բարդ և նույնիսկ կոմերցիոն արժեք ունեցող նկարչական ուղղություն։ Գրաֆիտին թերևս չի համարվում պրոֆեսիոնալ նկարչական ոճ, բայց մեծ համբավ ունի երիտասարդության շրջանում:
Որքանո՞վ է շենքերի պատերին նկարները սթրիթ արտ, որքանո՞վ է այն ուղղակի նկարազարդում:
Այսօր երևանյան փողոցների պատերին, նաև տարբեր մարզերի համայնքներում, նույնպես կարելի է հանդիպել տարբեր թեմաներով արված պատկերներ:
Երևանում դրանց մի մասի հեղինակը երիտասարդ նկարիչ Ռոբերտ Նիկողոսյանն է: Թեև նա ունի մասնագիտական կրթություն՝ ավարտել է Երևանի Գեղարվեստի պետական ակադեմիան, այսօր, ինչպես ինքն է ասում՝ «հիմնականում հենց սթրիթ արթով» է զբաղվում:
«Ավարտելով Գեղարվեստի ակադեմիան՝ ցանկացա իմ սովորածի մեջ նորամուծություններ մտցնել: Փորձեցի տարբեր ոճեր: Սթրիթ արթը զարգացնելով իմ մեջ՝ այն ինձ շատ հոգեհարազատ դարձավ: Հիմա ևս փորձեր եմ անում ու կանեմ մինչև կյանքիս վերջ»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Ռոբերտը:
Կտավի վրա և պատի վրա աշխատանքը նկարչի համար անհամեմատելի են. «Կտավն իր ուրույն տեղն ունի, սթրիթ արտը՝ իր: Երկուսն էլ շատ կարևոր են՝ նայած որտեղ, երբ և ինչու»:
Ռ. Նիկողոսյանը փորձում է սթրիթ արթով գովել կամ պրոպագանդել ինչ-որ լավ բան:
«Սկզբում հայ մեծերին էի նկարում, իսկ հիմա շատ տարբեր են՝ ինձ հուզող հարցեր և ինչ-որ չափով ինձ շրջապատող աշխարհը՝ անկախ ինձանից կամ նաև հենց մտածված:
Սկզբում կային մարդիկ, ովքեր չէին ընկալում, բայց հիմա արդեն նորմալ է մարդկանց վերաբերմունքը սթրիթ արտի հանդեպ: Մարդիկ տեսան, որ այն, իրոք, քաղաքին գեղեցկություն և նաև ասելիք կարող է հաղորդել»,- նշեց նա:
Հարցին, թե սթրիթ արթը համարվում է բողոքի արտահայտման միջոց, համամիտ եք՞, արդյոք դուք ձեր բողոքն եք արտահայտում այդ կերպ ինչ-որ երևույթի դեմ, արվեստագետն ասաց. «Իրականում, այո, գրեթե ամբողջությամբ բողոք է: Բայց ես փորձում եմ հնարավորինս այլ կերպ մոտենալ՝ ավելի շատ գովել լավ բաներ, իսկ վատ բաների դեմ բողոք արդեն շատ կա: Մտածում եմ՝ գտնել գովելի բաներ»:
Նա միաժամանակ հնարավոր է համարում արվեստի լեզվով բողոքելու միջոցով հասնել որևէ փոփոխության, բայց կրկին ընդգծեց՝ նախընտրում է գովել կամ խրախուսել որևէ բան:
Լուսանկարները տրամադրել է Ռ.Նիկողոսյանը: