Գնդեվազի Ս․ Աստվածածին եկեղեցին կորցնելու վտանգի առջև ենք կանգնած. Տիգրան Մկրտչյան
«Կասկածից դուրս է, որ Գլաձորի համալսարանը գտնվել է Հերմոնի վանքի մոտ»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց «Գլաձորի համալսարանի տեղադրության նոր վարկած» գրքի հեղինակ, անկախ հետազոտող Տիգրան Մկրտչյանը:
Նա պատմեց, որ դրա մասին հիմնավոր փաստերը ներկայացված են իր հեղինակած գրքում։ Տիգրան Մկրտչյանի խոսքով շատ անգամ է քննարկումների առիթ դարձել Գլաձորի համալսարանի գտնվելու վայրը, սակայն այսօր փաստ է, որ այն գնտվել է Հերմոնավանքից դեպի հյուսիս-արևմուտք ընկած Քարեվանքում։
«Գիրքն արդեն դրված է գիտական շրջանառության մեջ, այն խմբագրել է հայտնի հայագետ, Մատենադարանի հնագույն ձեռագրերի բաժնի վարիչ Կարեն Մաթևոսյանը»,-հավելեց նա։
Բանախոսն անդրաձարձավ նաև Վայոց Ձորի Գնդեվազի Սուրբ Աստվածածին եկեղեցուն ու նրանում գտնվող որմնանկարներին։
«Գնդեվազի Ս․ Աստվածածին եկեղեցին լինելով բավականին մեծ կառույց, իրենից ներկայացնում է կոփածո քարերով կառուցված՝ թաղածածկ, եռանավ, թեքակտուր շինություն, որն այսօր գտնվում է խիստ վթարային վիճակում՝ փլվել է տանիքի հյուսիս-արևմտյան և հարավ-արևմտյան մասերը, որի հետևանքով անձրևաջրերը անարգել մուտք են գործում եկեղեցու ներս և բնականաբար այս հրաշք որմնանկարների հետագա գոյությունը դնում մեծ հարցականի տակ։ Արևմտյան պատի վերին մասը նույնպես խարխլված է, որը վտանգի տակ է դնում այս շինության ներսում այցելուների գտնվելը։ ՀՀ կառավարության և մշակույթի նախարարությունը պետք է անհապաղ քայլեր ձեռնարկի եկեղեցին ու որմնանկարները պահպանելու ուղղությամբ՝ այլապես կկորցենք մեր նախնիներից ժառանգած այս մեծարժեք շինությունը»։
Լրագրողների հարցին, թե արդյոք չեն դիմել համապատասխան կառույցներին, նա պատասխանեց. «Անմիջապես ղեկավարների մոտ չեմ կարողացել մտնել ու ներկայացնել, խոսել եմ մշակույթի բնագավառում աշխատող մարդկանց հետ, որոնք ասում են փող չկա»։
Գնդեվազի Սուրբ Աստվածածին եկեղեցին
Լուսանկարները՝ Տիգրան Մկրտչյանի ֆեյսբուքյան էջից։