ԱՄՆ պատժամիջոցներից հետո Ռուսաստանում տնտեսության վիճակը կվատանա. քաղաքագետ
Ռուսաստանի դեմ ԱՄՆ Կոնգրեսի ընդունած պատժամիջոցներն ընդունվեցին բացարձակ մեծամասնությամբ: Հանրապետական և դեմոկրատական կուսակցությունները գործեցին աննախադեպ համաձայնությամբ: Սա այն դեպքում, երբ վերջին քսան տարում երկու կուսակցությունները որևէ բանաձևի ընդունման շուրջ այսքան միասնական չէին եղել: Այսօր կազմակերպված քննարկման ժամանակ այս մասին ասաց The National Interest, Forbes, The Hill և American Thinker պարբերականների փորձագետ Արեգ Գալստյանը:
«Սա Կոնգրեսի տոտալ հաղթանակն էր: Այս օրինագծի ընդունումն ուներ նախևառաջ ներքաղաքական նշանակություն: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալությունից ի վեր՝ նրա վարչակազմին չէր հաջղվել որևէ լուրջ օրինագիծ ընդունել»,- ասաց նա:
Քննարկմանը ներկա քաղաքագետ Ստեփան Գրիգորյանն իր հերթին նկատեց՝ որքան սրվեն ԱՄՆ-ի և Ռուսաստանի հարաբերությունները, այնքան այդ սրացումը կարտահայտվի Հայաստանում: Դա մեզ մոտ կբերի քաղաքական բախումների ուժեղացման:
«Ինչը Ռուսաստանի համար լավ է, միշտ չէ, որ լավ է Հայաստանի համար: Իսկ այն, ինչ կատարվում է ԱՄՆ-ում, դասական ժողովրդավարություն է: Նախագահ Թրամփի շատ տեսակետներ չեն կիսում անգամ նրա կուսակիցները և Կոնգրեսի մյուս անդամները, սակայն Միացյալ նահանգներում աշխատում է հակակշիռների մեխանիզմը: Ռուստատաանում ամերիկյան պատժամիջոցներից հետո տնտեսության վիճակը կվատանա, բյուջեն չի լցվի: ՌԴ-ն Հայաստանի վրա ավելի քիչ ուշադրություն կդարձնի, չի մտածի Հայաստանի մասին, այլ միայն իրեն պաշտպանելու»,- ընդգծեց Ստեփան Գրիգորյանը:
Քննարկման մյուս բանախոս տնտեսագետ Վիլեն Խաչատրյանն էլ նշեց, որ ԱՄՆ-ի և Ռուսաստանի փոխադարձ պատժամիջոցներն ունեն՝ «Դու ինձ ես ապտակում, ես՝ քեզ» տրամաբանությունը, որից կողմերից և ոչ մեկը չի շահում:
«ՌԴ-ի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցների արդյունքում մեծ դժվարություններ կունենան հատկապես միգրանտները: Տնտեսական դժվարությունների պարագայում առաջինը, որպես կանոն, նրանք աշխատանքից կզրկվեն: Իսկ գաղտնիք չէ, որ Ռուսաստանում մեծ թվով հայազզգի միգրանտներ են աշխատում»,-հիշեցրեց նա:
Տնտեսագետի համոզմամբ, Հայաստանը երկու ճանապարհ ունի ՝ մեկը Իրանը, մյուսը՝ Ռուսաստանը, և այս ճակատների հետ փոխգործակցությունն ինչ-որ ձևով խաթարելն իր ուղիղ աղդեցությունն է ունենալու Հայաստանի վրա:
Հարակից հրապարակումներ`
- Մոսկվան կպատասխանի ԱՄՆ նոր պատժամիջոցներին
- Կրեմլում հայտնել են ԱՄՆ-ի դեմ պատասխան պատժամիջոցների նախապատրաստման մասին
- ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական կազմակերպությունների և անհատների նկատմամբ պատժամիջոցների ցանկը
- ԱՄՆ-ն պատրաստ է չեղարկել ՌԴ պատժամիջոցները Մինսկի պայմանավորվածությունների կատարմանը զուգընթաց. Նուլանդ