Արցախի Մարտունու շրջանում մեկնարկել է «Գիտելիքը ուժ է» ամառային դպրոց-ճամբարը
Այսօրվանից երկու շաբաթ տևողությամբ Արցախի Մարտունու շրջանի Գիշի գյուղում կգործի «Գիտելիքը ուժ է» ամառային դպրոց-ճամբարը, որը համանուն կրթական նախաձեռնության մի մասն է:
«Գիտելիքը ուժ է» կրթական նախաձեռնությունից հայտնում են, որ ամառային դպրոցին մասնակցում են Մարտունի քաղաքի, Գիշիի և հարակից գյուղերի 10-15 տարեկան 125 աշակերտներ: Նախաձեռնությունը պատկանում է Հայաստանի ու Արցախի՝ կրթության ոլորտի մի խումբ մասնագետներին:
«Ուրախ ենք, որ Մարտունու շրջանի մի շարք համայնքների դպրոցականների համար ամռան ընթացքում ժամանցն ու կրթությունը համատեղելու նման հնարավորություն է ստեղծվում: Ներգրավված են բարձրորակ մասնագետներ և վստահ ենք, որ այս ամառային դպրոցը լուրջ խթան կհանդիսանա կրթական մակարդակի բարձրացման ու մասնագիտական կողմնորոշման առումով»,-աղբյուրի փոխանցմամբ՝ ասել է Մարտունու շրջանի վարչակազմի ղեկավար Կարեն Թովմասյանը:
Ամառային դպրոցի համար պատրաստվել է հատուկ ուսումնաժամանցային ծրագիր, որի հիմնական նպատակն է զարգացնել երեխաների հետազոտական, ստեղծագործական համագործակցության հմտությունները՝ ժամանցային և կրթական բաղադրիչների միջոցով: Կրթական մասը կառուցված է STEM (Science, Technology, Engineerig, Math) կրթության մոտեցումների հիման վրա: Ժամանակակից կրթական տեխնոլոգիաների և մեթոդների կիրառմամբ և հետազոտական, հետաքրքրաշարժ ու զվարճալի առաջադրանքների միջոցով կամրապնդվեն և կխորացվի մասնակիցների գիտելիքները՝ ֆիզիկայի, մաթեմատիկայի, ճարտարագիտության և արվեստի ու պատմության բնագավառներում։ Մեծ ուշադրություն կդարձվի նաև հայ ժողովրդի պատմության ու հայ եկեղեցու պատմության ուսուցանմանը:
«Ամառային դպրոցի կազմակերպման գաղափարն իրականում եկել է Գիշիի գյուղի փոքրիկներից մեկից։ Մենք էլ՝ հայաստանցի և արցախցի մի խումբ մասնագետներով որոշեցինք կյանքի կոչել այն և նախաձեռնել այնպիսի մի ճամբար, որն իսկապես օգտակար կլինի երեխաների համար՝ ապահովելով թե նրանց ժամանցը, թե անհրաժեշտ ու օգտակար գիտելիքների փոխանցումը: Ծրագիրը մշակվել է ոլորտի լավագույն մասնագետների կողմից, երեխաների հետ կաշխատեն Հայաստանից և Արցախից հրավիրված լավագույն մանկավարժները, ովքեր իրենց փորձով կկիսվեն նաև տեղի ուսուցիչների հետ»,-ասել է նախաձեռնության հեղինակ Անուշ Եդիգարյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան