Գյուղնախարարն արմավիրցիներին խորհուրդ է տվել անցնել կաթիլային ոռոգման
«Կան հարցեր, որոնք կարելի է շատ արագ լուծել, կան հարցեր, որոնք երկարաժամկետ լուծումներ են պահանջում: Այս ամենի հետ մեկտեղ մենք դեպի առաջ ենք նայում, որպեսզի երկարաժամկետ առումով համակարգված ծրագրեր ներկայացնենք: Ջրային տնտեսության կոմիտեն, իհարկե, ունի ծրագրեր ոռոգման հարցերը բարելավելու նպատակով, սակայն ջուրը տարեցտարի պակասում է, և առանց կաթիլային համակարգի և նոր տեխնոլոգիաների մենք չենք կարողանա առաջ շարժվել, ինչի համար էլ նախարարության կողմից մշակվել են մատչելի վարկերի ծրագրերը»,- այսօր Արմավիրի մարզ կատարած այցի ընթացքում լրագրողների հետ զրույցում նշել է Իգնատի Առաքելյանը:
ԳՆ մամուլի ծառայության հաղորդմամբ՝ նախարարը հավելել է, որ Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի խորհրդատուները նույնպես կայցելեն տարբեր համայնքներ և առավել մանրամասն կներկայացնեն կաթիլային համակարգի առավելությունները, հնարավոր է, որ առանձին համայնքներում ցուցադրական համակարգեր տեղադրվեն, որպեսզի գյուղացին անձամբ տեսնի դրանց արդյունավետությունը:
Անդրադառնալով այս տարվա կարկտահարության դեպքերին` նախարարը նշել է, որ աջակցություն կտրամադրվի 80 տոկոս և ավել վնաս կրած գյուղացիական տնտեսություններին: Աջակցությունը ենթադրում է հողի, ջրի վարձավճարների զիջում, ինչպես նաև վարկերի մայր գումարի հետաձգում:
«Կաթիլային ոռոգման համակարգը փրկություն է, դա է ապագան»,-վստահություն էհայտնել նաև Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահը: Նրա կարծիքով` Գյուղատնտեսության նախարարության առաջարկած պայմաններն իդեալական են, որպեսզի գյուղացին անցնի ոռոգման այդ համակարգին:
Արսեն Հարությունյանի խոսքով` այս տարի ջրամբարներում քիչ քանակությամբ ջուր է կուտակվել, և որպեսզի բոլոր համայնքներին անխափան ջրով կարողանան ապահովել, անցել են խնայողական ռեժիմի: Նա տեղեկացրել է նաև, որ ծրագրով Արմավիրի մարզում նախատեսված է եղել շահագործել 60 պոմպ, սակայն իրենք միացրել են ևս 90 հավելյալ պոմպ` ոռոգումն ապահովելու համար:
Հարակից հրապարակումներ`
- Կաթիլային ոռոգման համակարգերի ներդրմանը նախատեսում են պետական աջակցություն ցուցաբերել
- Ալափարս համայնքում հիմնված խնձորի և ընկուզենու այգիները ամբողջությամբ կմշակվեն ոռոգման կաթիլային համակարգով (լուսանկարներ)
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան