Ջազ, մեղր և հատապտուղներ՝ սահմանին
Օգոստոսի 12-13-ին 6-րդ անգամ կմեկնարկի «Շամշադինի մեղրի և հատապտուղների
փառատոնը»
Տավուշի մարզի Բերդ քաղաքի Սորան ազգային պարկը օգոստոսի 12-ին և 13-ին
արդեն 6-րդ անգամ կհյուրընկալի «Շամշադինի մեղրի և հատապտուղների փառատոնը»։
Փառատոնի կազմակերպիչները տեղակացնում են, որ Հայաստանի ամենաքիչ բացահայտված մարզում «Տավուշի զարգացման հիմնադրամի», Բերդի քաղաքապետարանի և մի շարք աջակիցների կողմից իրականացվող փառատոնն ավանդաբար մեկնարկում է «Ջազը սահմանին» նախաձեռնությամբ, որի շրջանակներում ոչ միայն ներկաները, այլև հարակից բնակավայրերի բնակիչներն ու սահմանապահ զինծառայողները վայելում են ջազային հնչեղ կատարումներ։
«Այս տարի նույնպես ելույթ կունենա «Հայաստանի պետական ջազ նվագախումբը»`
Արմեն Հյուսնունցի ղեկավարությամբ։ Ծրագիրն իրականացվում է ՀՀ մշակույթի
նախարարության «Մշակույթային կանգառ» նախաձեռնության հետ համատեղ։ Հաջորդ
օրը տեղի բնակիչները կներկայացնեն իրենց հավաքած մեղրն ու հատապտուղները,
ինչպես նաև դրանցից պատրաստված համեղ ուտեստները»,- աղբյուրի փոխանցմամբ՝ ասել է «Տավուշի հոգևոր վերածնունդ» հիմնադրամի տնօրեն Հայկ Չոբանյանը։
«Շամշադինի մեղրի և հատապտուղների փառատոնը» հրաշալի հնարավորություն է
Տավուշի մարզում տուրիզմի զարգացման համար։ Նախորդ տարի միջոցառման
մասնակիցների թիվը գերազանցել է 2000-ը, ինչը թույլ է տալիս խոսել նաև զբոսաշրջային
զգալի ներուժի մասին։
«Տավուշը հայտնի է իր գեղատեսիլ բնությամբ, հրաշալի մարդկանցով, համեղ
պտուղներով և խոհանոցով։ Փառատոնը մեր հայրենակիցներին և հյուրերին այս ամենի
ներկայացման հրաշալի հնարավորություն է»,- մեկնաբանել է Բերդ համայնքի ղեկավար
Հարություն Մանուչարյանը։
Այս տարի, բացի քաղցրահամ մեղրից, վայրի մոշից, մորիից, նույնիսկ հապալասից և
իհարկե բացօթյա ջազ համերգից, կազմակերպիչները մի շարք անակնկալներ են
խոստանում։ Նաև կկազկերպվի մասնակիցների տեղափոխման և գիշերակացի հարցը`
թե հացուկաց և հյուրանոցային, թե վրանային ճամբարի միջոցով։
«Շամշադինի մեղրի և հատապտուղների փառատոնը» կազմակերպվում է 2012
թվականից։ Փառատոնի հիմնական մասնակիցները տարածաշրջանի բնակչությունն է`
իրենց մշակած բերք ու բարիքով, քաղցրավենիքով, արվեստով և արհեստներով։ Այս
ամենն ուղեկցվում է հայկական խոհանոցի ավանդական համեղ ուտեստների
մատուցմամբ և հրաշալի երաժշտությամբ։ Սովորաբար մասնակիցների թիվը 2000-ից
ավելի է։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում