Խնդիրներ հայաստանյան դպրոցներում վաճառվող սննդում
«Հանուն կրթության և գիտության» հասարակական կազմակերպությունը ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող դրամաշնորհի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում իրականացնում է «Ընդդեմ անորակ սննդի՝ հանուն մեր երեխաների» խորագրով ծրագիրը։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայության հաղորդմամբ, «Հանուն կրթության և գիտության» հասարակական կազմակերպության նախագահ Մերի Ալեքսանյանը նշել է, որ իրենք նպատակ ունեն կանխարգելել անորակ և արգելված սննդի վաճառքը հանրապետության դպրոցներում` իրավաօրենսդրական բարեփոխումների ընդունման և հանրային իրազեկվածության բարձրացման ճանապարհով: Այդ նպատակի համար ՀԿ-ն հանրակրթական հաստատություններում վաճառվող սննդի հետ առնչվող ոլորտային պատասխանատուների հետ կազմակերպել է հարցազրույցներ, մշակել է իրավաօրենսդրական բարեփոխման առաջարկությունների փաթեթ, որը տպագրվել է և տարածվում է շահագրգիռ պետական և հասարակական կառույցների շրջանում։
«Հանուն կրթության և գիտության» ՀԿ-ն միջազգային և տեղական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպումներով նպատակ ունի հաստատել սննդի անվտանգության ոլորտում հանրային վերահսկության բարձրացմանն ուղղված համագործակցություն և ձևավորել կոալիցիա: Այդ նպատակով կազմակերպվել են հանդիպումներ Յունիսեֆի պարենի հարցերով ծրագրի, «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպության, ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագրի ներկայացուցիչների, «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ի նախագահի հետ։
Մերի Ալեքսանյանի խոսքով, կատարված ուսումնասիրության արդյունքում դուրս են բերվել մի շարք խնդիրներ. մասնավորապես՝ պետական լիազոր մարմինների միջև սերտ համագործակցության բացակայությունը, ինչն ավելի է դժվարացնում ոլորտում առկա խնդիրների կարգավորման գործընթացը, գնումների գործընթացի սահմանափակումների առկայությունը, ինչը երբեմն խոչընդոտ է հանդիսանում առավել որակյալ և անվտանգ սննդամթերքի մատակարարման հարցում և այլն:
ՀԿ-ն պատրաստել է նաև առաջարկությունների փաթեթ, որը կներկայացվի համապատասխան մարմիններին։ Մասնավորապես, առաջարկվում է, որպեսզի գնումների գործընթացը լինի կենտրոնացած՝ բոլորի համար նույնը, վերահսկողական գործառույթներն էլ վերապահվեն մեկ մարմնի, որպեսզի վերջինս տիրապետի ամբողջական իրավիճակին։
Իրականացված դիտարկումների և ստուգումների ժամանակ հիմնական խնդիրներն ու խախտումները վերաբերել են աշխատակիցների սանիտարական անձնագրեր չլինելուն, անձնական հիգիենային ներկայացվող պահանջների խախտումներին, ընդհանուր սանիտարահիգիենիկ պահանջների անհամապատասխանությանը, մատակարարվող սննդամթերքի փաստաթղթավորմանը, տրանսպորտային միջոցներին ներկայացվող պահանջներին և այլն:
Հարակից հրապարակումներ`
- Ինչպես կազմակերպել երեխաների առողջ սնուցումը. Մասնագետն է խորհուրդ տալիս
- Ինչո՞ւ են մանկապարտեզներում հաճախացել երեխաների թունավորումները
- Պիպոյանը՝ Եղվարդի դեպքի մասին. «Դանակը հասավ ոսկորին»
- Եղվարդի թիվ 1 մանկապարտեզում կասեցվել է սննդամթերքի օգտագործումն ու մատակարարումը
- ԱՆ. Հոսպիտալացված երեխաների առողջական վիճակը բարելավվում է
- Եղվարդում հոսպիտալացվել է 54 երեխա. Հարուցվել է քրեական գործ
- Երեխաները փչացած հավի միսը չեն կերել. Վստահեցնում են մանկապարտեզներից