Հեպատիտ Ց-ի բուժման համար Հայաստանին կտրամադրի միջազգային որակին համապատասխան դեղեր` հատուկ գնով. ԱՆ
Վրաստանի կառավարության կողմից նվիրաբերված սովալդի դեղով մեր երկրում հեպատիտ Ց-ով 1000 հիվանդի բուժման աննախադեպ ծրագիր է իրականացվում,- այս մասին ասված է առողջապահության նախարարության տարածած հաղորդագրության մեջ։ Այն կյանքի չէր կոչվի առանց ժամանակակից այդ դեղն արտադրող, աշխարհում ճանաչված «Գիլեադ» կազմակերպության բարի կամքի։
ՀՀ առողջապահության նախարարությունը մշտապես կապի մեջ է եղել այս կազմակերպության հետ` բանակցելով հեպատիտ Ց-ով հիվանդների առավել մեծ խմբերի բուժում իրականացնելու հարցի շուրջ։
Լևոն Ալթունյանն այսօր ընդունել է «Գիլեադի» բժշկական տնօրեն Այսան Մուրթեզաօղլուն և ԱՊՀ երկրների գործադիր տնօրեն Սերգեյ Պիոնտին։
Նախարարը նշել է, որ հեպատիտ Ց-ով հիվանդների բուժումը շարունակում է մնալ նախարարության ուշադրության կենտրոնում։
Հանդիպման ընթացքում ներկայացվել են առաջին 1000 հիվանդի բուժման արդյունքները, որոնք գոհացրել են դեղ արտադրող ընկերության ներկայացուցիչներին։
Կարևորելով «Գիլեադի» աջակցությունը` նախարարն առաջարկել է համատեղ իրականացնել նաև հայ մասնագետների լրացուցիչ վերապատրաստում ժամանակակից դեղերով բուժումն առավել արդյունավետ կատարելու համար։
Այնուհետև, քննարկվել են համագործակցության ընդլայնմանը, «Գիլեադ» ընկերության դեղերի առկայությունը Հայաստանի Հանրապետությունում ապահովմանը վերաբերող և այլ հարցեր։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել ստեղծված համագործակցությունը։
Առաջիկայում դեղ արտադրող խոշորագույն կազմակերպությունը հեպատիտ Ց-ի բուժման համար Հայաստանին կտրամադրի նոր սերնդի, միջազգային որակին համապատասխան դեղեր` եվրոպական շուկայական արժեքից անհամեմատ մատչելի` հատուկ գնով։
ԱՆ-ից նշում են, որ հանդիպմանը մասնակցել են ՀՀ ԱՆ աշխատակազմի դեղորայքային քաղաքականության և բժշկական տեխնոլոգիաների վարչության պետ Վարդուհի Գրիգորյանը, Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի տնօրեն Հակոբ Թոփչյանը, ՀՀ ԱՆ գլխավոր հեպատոլոգ Հասմիկ Ղազինյանը։
Հարակից հրապարակումներ`
- ԱՆ. Թումոյի սանն ազատվել է հեպատիտ Ց վիրուսից
- Հստակեցվել է բուժման ենթակա հեպատիտ Ց-ով հիվանդների ցանկը. ԱՆ
- Հայաստանն ընդունել է հեպատիտ Ց-ով հիվանդների բուժման համար Վրաստանի նվիրաբերած դեղը
- Քաջարանում 95 հետազոտվածից 13-ի մոտ արձանագրվել է հեպատիտ Ց
- Նախարարը հանձնարարել է Քաջարանի հեպատիտ Ց-ով վարակի դեպքերի առնչությամբ ամենախիստ մոտեցումը ցուցաբերել
- Քաջարան. հեպատիտ Ց-ով դեպքերի առթիվ ուսումնասիրություններ կկատարի մասնագիտացված հանձնաժողովը