Ստեղծվում է «Մեղրի ազատ տնտեսական գոտի» ՓԲԸ
ՀՀ Կառավարությունն այսօրվա նիստին հաստատել է Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության կողմից ներկայացված՝ «Մեղրի ազատ տնտեսական գոտի» փակ բաժնետիրական ընկերություն հիմնադրելու մասին որոշումը:
Նախարարության հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ 2017 թվականին սկիզբ է դրվել ՀՀ Սյունիքի մարզում ԻԻՀ հետ հարակից տարածքում ազատ տնտեսական գոտու ստեղծման աշխատանքներին։
Հայաստանը, լինելով ԵԱՏՄ անդամ, ունենալով առևտրի արտոնյալ ռեժիմ ԵՄ հետ և ընդհանուր սահման ԻԻՀ հետ, ունենալով միջազգային վարկանիշներով հաստատված գրավիչ ներդրումային և գործարար միջավայր՝ ԻԻՀ հետ սահմանակից ազատ տնտեսական գոտի ունենալու դեպքում կարող է լուրջ հետաքրքրություն ներկայացնել Հայաստանում արտահանման կողմնորոշում ունեցող արտադրություն կազմակերպելու, Հայաստանի աշխարհագրական դիրքով պայմանավորված առևտրային և լոգիստիկ հնարավորություններն օգտագործելու համար:
Ազատ տնտեսական գոտու կառուցումը ենթադրում է փուլային բնույթ։ Առաջին փուլում նախատեսված է կառուցապատել Մեղրիի մաքսային կետին հարակից տարածքը՝ ապահովելով հիմնական արտադրական և պահեստային տարածքները, ինչը գոտում արտադրված ապրանքները կդարձնի ավելի մրցունակ այլ շուկաներ (մասնավորապես իրանական շուկա) մուտք գործելու համար։ Այն հարթակ կդառնա Արևմուտք-Արևելք և Հյուսիս-Հարավ կապերի ամրապնդման համար։
Ընկերության ստեղծման նպատակն է նպաստել ազատ տնտեսական գոտու մեկնարկի արագացմանը, ազատ տնտեսական գոտու ներուժի առավելագույն լուսաբանմանը և օգտագործմանը, համաշխարհային գործարար հատվածի և օտարերկրյա ներդրումների ներգրավմանը։ Ընկերության ստեղծմամբ պետությունը իր կարողություններով կխթանի ազատ տնտեսական գոտու զարգացմանը։
Հարակից հրապարակումներ`
- Ելաբուգայի գործարարները հետաքրքրվել են Սյունիքում ստեղծվող ազատ տնտեսական գոտում գործելու հնարավորություններով
- Բուլղարական կապիտալը հնարավորություն ունի ներգրավվել նաև Մեղրիի ազատ տնտեսական գոտում. Կարեն Կարապետյան
- Սյունիքի ազատ տնտեսական գոտու գործունեությամբ ակնկալվում է 350-400 միլիոն դոլարի ներդրում
- Իրանագետը՝ Սյունիքում ազատ տնտեսական գոտու ստեղծման, հայ-իրանական տնտեսական հարաբերությունների մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան